Հոկտեմբերի 1-ին երևանյան ակումբներից մեկում կայացավ փոքրիկ երգչուհի Անի Մնացականյանի «Երևան» երգի շնորհանդեսը և տեսահոլովակի պրեմիերան: Խոսքերի և երաժշտության հեղինակն է Ռուզաննա Մկրտչյանը:

 

Անին 9 տարեկան է, սովորում է Ա.Շիրակացու անվան ճեմարանում' բարձր առաջադիմությամբ, «Լիվա փոփ-ջազ» համույթի մենակատարներից է, 4 տարեկանից պարում է «Կռունկ» պարային համույթում:

 

Շնորհանդեսի ընթացքում փոքրիկ երգչուհին նշեց, որ երգը նվիրվում է Երևանի 2797-ամյակին, և նպատակ ունի կանչել, ետ բերել հայրենիքի աշխարհասփյուռ հայերին: Անին նշեց, որ շնորհակալ է ծնողներին, որոնց շնորհիվ ինքը ճանաչում է իր հայրենիքի ամեն անկյունն ու քարը, որ դաստիարակել են հայրենասիրություն և իր կողքին են եղել տեսահոլովակի նկարահանման դժվարին, բայց հետաքրքիր ընթացքում:

 

Անիի պրոդյուսեր Ալիկ Հակոբյանը, ներկայացնելով տեսահոլովակի նկարահանման հետ կապված ուշագրավ դրվագները, նշեց, որ փոքրիկի հետ աշխատելը գերագույն հաճույք էր. «Այս սկավառակի ու շնորհանդեսի կազմակերպչական հարցերն ընդամենը 2 շաբաթում ենք արել, որպեսզի հասցնենք մեր մայրաքաղաքին ծննդյան օրը նվեր մատուցել: Անին մի քանի օր տևած նկարահանումների ընթացքում դրսևորեց իրեն՝ ինչպես հասուն, երկարամյա փորձ ունեցող երգչուհի: Նա ոչ մի րոպե, ոչ մի անգամ չտրտնջաց, չնվնվաց»:

 

Անիին շնորհավորելու էին եկել ընկերները, բարեկամները, շոու բիզնեսի ներկայացուցիչները: