Նորից սեպտեմբեր է. ոմանք իրենց առաջին քայլերն են անում դպրոցում, ոմանք էլ միայն կարոտով կարող են հիշել դպրոցական տարիները, անհանգստություններն ու չարաճճիությունները:)  BlogNews.am-ը հայտնիներին վերադարձրեց իրենց դպրոց. մեր նոր նախագծի շրջանակներում նրանց աշակերտական հագուստով լուսանկարել ենք իրենց ուսուցիչների հետ ու փորփրել դասատուների հիշողությունները հայտնիների մասին։ Մեր հերոսները հաճախ չէին կարողանում զսպել հուզմունքը։


Սարգիս Գրիգորյան

Դերասան Սարգիս Գրիգորյանը մեր նկարահանմանը եկել էր ավագ դստեր՝ Նարեի հետ։ Նա սովորել է 129 դպրոցում։ Որքան էլ զարմանալի է՝ մեր ամենակիրթ դերասաններից մեկը դպրոցում ամենևին էլ գերազանցիկ չի եղել, ավելին՝ չի սիրել զբաղվել ուսմամբ։ Սարգսի դպրոցում նրա պատվին ցուցատախտակ էին պատրաստել, որտեղ տեղ էին գտել նրա դպրոցական նկարները, բժշկական թղթերն ու մի էջ դպրոցից։ Ուսուցիչները կատակում էին, որ մի կերպ են գտել մատյանի էջ, որտեղ Սարգսի գնահատականները եղել են ոչ թե 3 կամ 2, այլ 4:) Այդ 4-ն էլ Սարգիսը վաստակել է պատմության ուսուցչի համակրանքի շնորհիվ։

«Ես լավ չեմ սովորել, բայց գենետիկաս ուժեղ էր և հաղթեց։ Մի պահ եկավ, երբ ես այլևս չէի ուզում փողոցներում լինել, ուզում էի այլ բանով զբաղվել, ինչ-որ բանի հասնել»,- նշեց նա։

 

Սարգսի դպրոցի ուսմասվարը՝ տիկին Պետրոսյանը, պատմեց, որ 10-րդ դասարանում նա դարձել էր բավականին ինքնամփոփ. «Ավարտական երեկոյի ժամանակ Սարգիսն ուշացած եկավ և շատ ուրախացրեց դասընկերներին. այսօրվա պես հիշում եմ՝ ինչ ծափահարություններ հնչեցին, ու ուրախություն տիրեց, քանի որ նա սիրված էր դասընկերների կողմից, պարզապես ինչ-ինչ պատճառներով պարփակվել էր իր մեջ, և մտածում էինք՝ չի գա»։

 

Դպրոցի տնօրեն Լիանա Պետրոսյանը Սարգսի սովորելու տարիներին դպրոցի երիտասարդ ուսուցչուհին էր, ինչպես Սարգիսը նշեց՝ ավելի շատ նայում էին նրան, քան լսում դասը։ Սարգսի խոսքով՝ շատ էր սիրում ընկեր Պետրոսյանին, բայց արի ու տես, որ դա չէր խանգարել նրան «օյին» բերել սիրելի ուսուցչուհու գլխին։ Տիկին Պետրոսյանը հիշեց, որ Սարգիսը կտրել էր իր աթոռի ոտքը. «Եկա դասի, նստեցի և ընկա:)  Հետո ասում էի՝ Սարգիս ջան, մի քիչ գոնե դաս պատասխանիր էլի։ Հին աշխարհի պատմությունից Հնդկաստանի մասին մի 10 տող պատմեց, ասում է՝ էդ ա, Ձեզ սիրելով այդքանը պատմեցի։ Միշտ ասում էր՝ Հնդկաստանը պատմել եմ, հերիք է»։

 

Ուսուցիչները նշեցին, որ դերասանն ակտիվ մասնակցել է դպրոցի միջոցառումներին, թատերական խմբակի անդամ է եղել, սակայն դպրոցում չեն մտածել, որ Սարգիսը դերասան կդառնա։

 
Շարունակությունը` այստեղ: