Կարծես սկանդալ է հասունանում «Բախտաբեր» հեռուստասերիալի, մասնավորապես՝ դրա համանուն սաունդթրեքի շուրջ: Միայն վերջերս հանդիսատեսի դատին հանձնված «Բախտաբեր» հեռուստասերիալի սաունդթրեքը, որը կատարում է երգիչ Արման Թովմասյանը, հասցրեց հայտնվել անդրկուլիսյան այնպիսի խոսակցությունների կիզակետում, որ որոնցից գրագողության հոտ է փչում:
Բանն այն է, որ տեսահոլովակի պատրաստ լինելու օրվանից բոլորիս հայտնի էր դարձել, որ երգի խոսքերի հեղինակը սերիալի սցենարիստ Անահիտ Մխիթարյանն է, երաժշտության հեղինակը` Ռիչարդ Մադլենյանը:
Սակայն ESem.am-ին հայտնի դարձավ, որ իրականում երգի խոսքերի հեղինակը ոչ թե սերիալի սցենարիստն է, ինչպես նշված է տեսահոլովակում, այլ դերասանուհի, մասնագիտությամբ ռեժիսոր Մերի Հակոբյանը: Վերջինս Ինստագրամի իր էջում նույնիսկ դրա առնչությամբ լուսանկար է հրապարակել՝ մակագրելով. «Հուսով եմ՝ շատ շուտով կուղղվի սխալը, Անահիտ Մխիթարյանը համահեղինակ է, երգը ստեղծվել է իմ գրած խոսքերի հիման վրա»:
Չնայած այս մակագրությանը՝ Մերի Հակոբյանը ESem.am-ի հետ զրույցում պնդեց, որ երգի խոսքերի հեղինակը հենց ինքն է: «Եթե այս թյուրիմացությունը չուղղվի. ես իմ իրավունքները կպահանջեմ: Դա իմ երգն է, ես ապացույցներ ունեմ»,- շեշտեց մասնագիտությամբ ռեժիսոր դերասանուհին:
Մեր այն հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է նշել, որ Անահիտ Մխիթարյանը երգի համահեղինակն է, Մերին ընդգծեց. «Որովհետև որոշ բառեր փոխելով՝ երգի հեղինակ չեն դառնում»:
Այժմ ի՞նչ եք պատրաստվում անել, որևէ պահանջ ներկայացրե՞լ եք, ե՞րբ եք իմացել այս թյուրիմացության մասին և ESem.am-ի շատ այլ հարցերի Մերին հրաժարվեց պատասխանել՝ նշելով. «Հիմա լրացուցիչ մեկնաբանություններ չեմ տալիս. առայժմ՝ այսքանը»:
ESem.am-ը կապ հաստատեց նաև սերիալի սցենարիստ Անահիտ Մխիթարյանի հետ, որի հակիրճ պատասխանն առավել քան զարմանալի էր:
«Ես չեմ ճանաչում Մերի Հակոբյանին, խոսքերի հեղինակը ես եմ»,- մեր գրավոր հարցերին ի պատասխան՝ պնդեց Անահիտը:
Ստեղծված իրավիճակը պարզելու համար ESem.am-ը զրուցեց նաև երգի երաժշտության հեղինակ Ռիչարդ Մադլենյանի հետ: Վերջիինս էլ հայտնեց, որ «Բախտաբեր» հեռուստասերիալի սաունդթրեքը գրել են ինքը, Մերի հակոբյանն ու Անահիտ Մխիթարյանը: «Երգի կրկներգը գրել է Մերին, կուպլետները` Անահիտ Մխիթարյանը, իսկ երրորդ ֆորման գրել եմ ես»,- մանրամասնեց Ռիչարդը:
Վերոնշյալ ֆիլմի սաունդթրեքի կատարող երգիչ Արման Թովմասյանի պրոդյուսեր Դավիթ Ազարյանն էլ մեզ հետ զրույցում հաստատեց, որ ֆիլմի կռվախնձոր դարձած երգի խոսքերը հեղինակել են Մերի Հակոբյանն ու Անահիտ Մխիթարյանը, ըստ այդմ՝ նրանք համահեղինակներ են, իսկ մեր այն հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է տեսահովովակի վրա նշվել, որ հեղինակը միայն Անահիտն է, Դավթի խոսքով, տեսահոլովակի ռեժիսորի սխալն է:
Ինչ վերաբերում է գրագողության մասին և մնացած այլ հարցերին, տեղեկացնենք, որ «Բախտաբերի» սցենարիստ Անահիտ Մխիթարյանն այդպես էլ անպատասխան էր թողել:
Այն, որ այս պատմությունը դեռ շատ ջուր կխլի, ակնհայտ է, իսկ մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը:
Զրուցեց Արևիկ Իսաջանյանը