Ֆոտոմոդել Գոգ Մունն արդեն չորս տարի է` այս ասպարեզում է. բացի իր հիմնական մասնագիտությունը, զբաղվում է նաև մոդելինգով` նկարահանվել է տարբեր ընկերությունների գովազդներում և այլն: ESem.am ոչ միայն բացահայտել է Գոգ Մունի «գաղտնի» կողմերը, այլև զրուցել է մասնագիտական ոլորտից ու տարածված կարծրատիպերից:

 

Կրթություն

Գոգ Մուն կեղծանունն ընտրած շիկահերը 21 տարեկան է: Ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան ուսումնարանը, այժմ էլ սովորում է Գեղարվեստի պետական ակադեմիայի` Հագուստի մոդելավորում բաժնում: Նրա խոսքով` շատ հաջողություններ է գրանցել իր համար, սակայն դժվարանում է առանձնացնել դրանք՝ նշելով. «Շատ հաջողակ մարդ եմ, իսկ դա լավատեսությունից է»:

 

Ըստ ֆոտոմոդելի` այս ասպարեզում նախկինում հաճախ է թևաթափ եղել, հուսահատվել դժվարություններից, սակայն այժմ դրանք միայն օգնում են կայանալու և ունեցածը գնահատելու հարցում:

 

 

Մոդելային կարիերա

Գոգ Մունը մոդելային աշխարհ մուտք է գործել մոտ չորս տարի առաջ: «Որոշ լուսանկարիչներ ֆեյսբուքում նկատել են նկարներս ու հրավիրել լուսանկարվելու. այդպես մեկը մյուսի հետևից հրավերներ եմ ստացել, որից հետո զգացի ու հասկացա, որ այն, ինչ անում եմ, իմն է և պետք է շարունակել»,- ասաց նա և շեշտեց, որ հիմնականում ներկայանում է որպես ֆոտոմոդել, թեև հաճախ է ստանում դեֆիլեների և հեռուստանախագծերի հրավերներ:

«Ֆոտոմոդելի ճանապարհը ստեղծագործող մարդու համար բավականին հոգեհարազատ է: Թիմային աշխատանքի արդյունքում տեսնում ես ռեալիզացված տարբեր մտքեր, որն էլ մեծ հաճույք է պարգևում: Միշտ ասել եմ, որ մոդելինգը դերասանության մի տեսակ է. աշխատելիս պետք է մաքսիմալ ընկալես կերպարդ և վերարտադրես ու մատուցես յուրովի»,- համոզված է երիտասարդ մոդելը, ով ազատ գրաֆիկով է աշխատում և օրվա մեծ մասը տրամադրում է դասերին:

 

Սևահերից շիկահեր

Ըստ Գոգի` բաց գույնի մազերով իր կերպարն ավելի լիարժեք է դառնում: «Մազի միակ գույնն է, որ արդեն մեկ տարի շարունակ պահպանում եմ: Ինձ հաճախ են  նմանեցնում սլավոնական ազգի ներկայացուցչի: Բայց շուտով թե՛ գույնի և թե՛ ձևի փոփոխություն է սպասվում»,- ասաց Գոգը և խոստովանեց, որ ինքն էլ է հաճախ շիկահերների` հիմարիկ լինելու հետ կապված կատակներ անում:

«Բայց, բնականաբար, մազի գույնը մարդու ներքինի հետ ոչ մի կապ չունի»,- շեշտեց նա:

 

 

Մոդելային բիզնես

Գոգը մասամբ է համամիտ, որ Հայաստանում մոդելային կյանքը կարծես մեռած է: Ըստ նրա` պետք է հաշվի առնել այն փաստը, որ ապրում ենք մի երկրում, որտեղ գրեթե բոլոր ոլորտները լճացման փուլում են: «Գրեթե զարգացում չի նկատվում, հետևաբար հույս կա, որ այս ոլորտը նույնպես մի օր դուրս կգա այս վիճակից և ավելի կզարգանա»,- ասաց զրուցակիցս:

Ըստ նրա` այս ոլորտում միակ դժվարությունը բոլորից տարբերվելն է: «Եթե տարբերվես ու աչքի ընկնես, հաստատ կնկատեն ու առաջ կգնաս, թեև Հայաստանում մոդելային եկամուտով շքեղ կյանքի մասին խոսելը ծիծաղելի է: Բայց, եթե հաշվի առնենք այն փաստը, որ զբաղվում ես սիրելի և հաճելի աշխատանքով, դրա դիմաց նորմալ վարձատրվում ես, դրանից գոհ չլինել չես կարող»,- համոզված է նա:

Գոգի համար համաշխարհային մոդելներից դիվա է Նաոմի Քեմփբելը: «Չնայած տարիքին՝ նա միշտ մնում է առաջիններից մեկը:

 

Հայկական մտածելակերպ, կարծրատիպեր

Անդրադառնալով տղաների այն մտածելակերպին, որ եթե մոդել է, նշանակում է խելացի կամ բարոյական լինել չի կարող, Գոգը նկատեց. «Անգամ ինձ մոտ է եղել այդ կարծրատիպը, ուր մնաց տղաների մոտ չլինի: Մի քանի տարի առաջ, երբ ինձ որպես մոդել էին ներկայացնում, ծանր էի տանում, քանի որ տեսնում էի, թե ինչպես են ընդունում մոդելներին: Այժմ ինքս այդ ամենի ներսում եմ, շատ բաներ եմ տեսնում ու ներքին խոհանոցն ավելի լավ գիտեմ: Հստակ կարող եմ ասել, որ ամեն տեղ ու ամեն մասնագիտության մեջ էլ թե՛ խելացիներ ու բարոյականներ կան, թե՛ հակառակը: Պարզապես ցանկացած հասուն մարդ պետք է իր կերպարն ունենա, հավատարիմ մնա դրան և հաստատ կկարողանա փոխել ցանկացած կարծիք,  կոտրել ցանկացած կարծրատիպ,- համոզված է երիտասարդ ֆոտոմոդելը: - Պարզապես մոդելի աշխատանքը «պահանջում է առավելագույնս լինել առանց կոմպլեքների, շփվող, ազատ, բարեհամբյուր ցանկացած գործում և բոլորի հետ: Տղաներից ոմանք էլ դա ընդունում են, ոմանք` ոչ»:

 

 

Անձնական հատկանիշներ, խառնվածք

Երիտասարդ ֆոտոմոդելը նշում է, որ այնքան էլ չի սիրում մարդաշատ վայրեր և նոր ծանոթություններ: Դրա պատճառով նրան հաճախ գոռոզ և մեծամիտ են համարում: «Սակայն հեռու եմ նման բնութագրումից: Ընտրել եմ մի ճյուղ, որտեղ ուղղակի ստեղծագործում եմ կերպարային և հաճույք ստանում իմ աշխատանքից. ֆոտոմոդելինգով ինքնարտահատվում եմ,- ասաց նա՝ շարունակելով, որ շատ սկզբունքային մարդ է, երբեմն նունիսկ չափից շատ: -Ինձ մտերիմ մարդիկ շատ լավ գիտեն այդ մասին. երևի բնավորությանս միակ գիծն է, որ փոխել չեմ կարողանում»:

 

Ընտանիքի վերաբերմունքը

«Ընտանիքս մոդելային կարիերայիս նորմալ է վերբերում, քանի որ գիտի, որ այն ինձ համար հոբբի է, միաժամանակ՝ գումար վաստակելու միջոց: Ընտանիքս ինձ լավ է ճանաչում ու վստահում է»,- ասաց ֆոտոմոդելը: Վերջինս իր հիմնական մասնագիտությանը շատ լուրջ է վերաբերում, հետագայում էլ շատ պլաններ ունի, որոնց մասին դեռ չի ցանկանում խոսել:

 

 

Գոգը` 10 տարի անց

Մասնագիտությամբ նկարիչ- մոդելավորող, դիզայներ Գոգ Մունից հետաքրքրվեցինք, թե ինչպիսին է իրեն պատկերացնում տասը տարի անց: «Տասը տարի անց իմ մասնագիտության մեջ հաջողակ ու կայացած բիզնես լեդի կլինեմ: Երջանիկ ընտանիք եմ ունենալու և երկու տղա: Անգամ անունները գիտեմ :)»,- շեշտեց հիմնականում իր հեղինակած հագուստով ներկայացող դիզայները:

 

Անձնական կյանք

Գոգի սիրտն այժմ ազատ է, իսկ ESem.am-ի հարցին, թե ինչպիսին պետք է լինի նրա կողքին հայտնվող տղամարդը, ֆոտոմոդելն ասաց. «Կարող եմ անվերջ հատկանիշներ թվարկել, բայց ամեն անգամ այն հարցին, թե ինչպիսի տղամարդկանց եմ հավանում, ես ասում եմ` տղամարդկանց. բառիս բուն ու բովանդակալից իմաստով: Իդեալներ չունեմ, ուղղակի դեռ չեմ հանդիպել այնպիսի մեկին, որով տարվեմ, ինձ համար նրա հետ լինելն ավելի հետաքրքիր լինի, քան իմ ազատությունը»,- եզրափակեց Գոգը:

 

 

 

 

 


Ֆոտոմոդելին բացահայտեց Արևիկ Իսաջանյանը