«Քեզ հետ, առանց քեզ». այսպես է կոչվում երիտասարդ երգիչ Նարեկ Մակարյանի նոր երգը, որի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան տեղի ունեցավ այսօր` երևանյան ռեստորաներից մեկում: Երգչի նոր աշխատանքի երաժշտության հեղինակը հենց Նարեկն է, բառերը գրել է Գայանե Ավետիսյանը: Նարեկի նոր տեսահոլովակը նկարահանվել է Երևանում` նկարչի ավեստանոցում. ռեժիսորը Սերժ Գաբյանն է, օպերատորը` Սուրեն Թադևոսյանը, իսկ պրոդյուսերը`Սոֆյա Գուլյանը:

 

 

Երգչի նոր աշխատանքը շոու ծրագրով ներկայացրեց ու երեկոն վարեց ռադիոհաղորդավարուհի Անի Սարիբեկյանը, ով ESem.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջինն է տեսել իր լավ ընկերոջ նոր աշխատանքը: Նրա խոսքով` այս երգում ամեն մեկն իրեն կգտնի: «Պիտի նշեմ, որ տեսահոլովակի բնույթը, սկիզբն ու կուլմինացիան շատ գեղեցիկ է ստացվել»,- շեշտեց Անին:

 

Պրեմիերայի ընթացում Նարեկը ստիպված մի քանի անգամ կատարեց նոր երգը: «Բոլորն այնքան էին հավանել իմ նոր աշխատանքը, որ ցանկանում էին անընդհատ դիտել ու լսել իմ կատարումը»,- պրեմիերայից հետո ESem.am-ի հետ զրույցում հայտնեց երգիչը:

 

 

Տեսահոլովակի նկարահանումների ընթացքում Նարեկը 10 ժամ օդից կախված է մնացել. տեսահոլովակում կա նաև վթարի հատված, որի նկարահանումների ընթացքում անծանոթ մարդիկ ցանկացել են օգնություն ցուցաբերել: «Ինձ գրիմ էին արել, ու մենք նկարահանում էինք վթարի տեսարանը. մարդիկ, չնկատելով ստեղծագործական թիմին, գիտեին, թե իրականություն է: Ասում էին՝ բալիկ ջան, մի նայի այդ կողմ, մարդ է մահացել… շատերը ինձ ճանաչել էին ու կարծում էին` ես իսկապես վթարի եմ ենթարկվել»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Նարեկը և խոստովանեց, որ տասը ժամ օդում մնալը, այն էլ՝ վեց մետր բարձրության վրա` դաժան էր:

 

 «Դրանից հետո ոչ միայն կապտուկներ, այլև մկանների ցավ եմ ունեցել.  երեք գիշեր չեմ քնել: Միակ խնդիրը ոչ միայն վեց մետր բարձրության վրա գտնվելն էր, այլև այդ իրավիճակում էմոցիա փոխանցելը: Այդ ամենից բացի, նաև շաքար եմ ստացել` որպես բոնուս :)»,- ավելացրեց երգիչը՝  չմոռանալով շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր հնարավորն ու անհնարինն արել են իր նոր տեսահոլովակը ստեղծելու համար:

 

Նշենք, որ իրենց գործընկերոջը շնորհավորելու և Նարեկի ուրախությունը կիսելու էին եկել նրա ավագ ընկերներն ու գործընկերները`Արամ Սաթյանը, Գայանե Հովհաննիսյանը, Արմանուշ Լևոնովնան, Գայա Արզումանյանը, Վլադիմիր Բարխոյանը, Արծրուն Խանգելդյանը, Վլադիմիր Պողոսյանը, Ալինա Կիրակոսյանը, Լիլի Ավագյանը, երգչուհիներ Իրինան, Եվան և այլք:

 

 

 

 

 

 

Լուսանկարները՝ Բագրատ Չոբանյանի


Ներկայացրեց Արևիկ Իսաջանյանը