Հայաստանում կանայք ավելի ակտիվ և պատասխանատու են դարձել, այդուհանդերձ, մեր երկրում բոլոր ղեկավարող դիրքերում գերիշխող են մնում տղամարդիկ: Այս մասին ապրիլի 7-ին, հայ կնոջ իրավունքի և ազատության պաշտպանությանը նվիրված՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց երգչուհի և երգահան Լիլիթ Պիպոյանը:


«Ընանիքներում տղամարդը մնում է որպես սյուն, սակայն կինն էլ շատ առումներով սկսել է նրան հավասար աջակից լինել: Բայց Հայաստանը դեռ մնում է տղամարդու երկիր, և եթե կինը փորձում է գործունեություն ծավալել, ապա նա վաղ թե ուշ բախվում է մի տղամարդու հետ, որն այդ հարցում հավասարի պես չի վերաբերվում նրան»,-  նկատեց Լիլիթ Պիպոյանը:

 

Երգչուհին հավելեց, որ, այնուամենայնիվ, կնոջ դերի հաստատումը հասարակության մեջ դեռ շարունակում է ընթանալ, սակայն՝ դանդաղ:

 

Հանդիպմանը ներկա ՀՀ կրթության և գիտության նախարարության  Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանի դպրոցներում դասավանդող կանայք այսօր կազմում են ուսուցիչների 95%, ովքեր բարությամբ և հանդուրժողականությամբ աշխատում են աշակերտի հետ, սերունդներ դաստիարակում:

 

«Այն, ինչ անում է ուսուցիչը, պատկերացնել հնարավոր չէ. ուսուցիչը պարզապես կռիվ է տալիս գիտելիք տալու համար և բավարարվում է միայն այն ժամանակ, երբ համապատասխան վերաբերմունք է ստանում աշակերտից և ծնողից: Ես տեսնում եմ, որ դպրոցներում տղամարդիկ քիչ են, ինչը գալիս է դեռ խորհրդային տարիներից, և ուսուցչուհիներն ստանձնում են այդ պատասխանատու աշխատանքը», - նկատեց Նարինե Հովհաննիսյաննը:

 

Իսկ երգչուհի Ալլա Լևոնյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչով է հայ կինը տարբերվում մյուս ազգերի կանանցից: «Հայ կինը տարբերվում է եվրոպացի և ամերիկացի կանանցից նրանով, որ նա ինքնամոռաց կարող է տրվել իր ընտանիքին, իր ամուսնուն, իր ուսերի վրա բեռ վերցնել միայն այն բանի համար, որ իր ընտանիքը հանկարծ չխարխլվի, - ասաց նա:

 

Երգչուհին համոզմունք հայտնեց, որ ընտանիքում տղամարդու դերի մի փոքր ավելին լինելը հասարակությունում բերում է ներդաշնակության պահպանման:

 

Ըստ Հայ առաքելական եկեղեցու տոնացույցի՝ ապրիլի 7-ը Սուրբ Աստվածածնի Ավետման օրն է: 1995թ.-ից ապրիլի 7-ը ներառվեց ազգային տոնացույցում նաև որպես Մայրության և գեղեցկության օր։