Մարիամ Կարակիյանն այն երգչուհին է, ում հաճախ կարելի է հանդիպել մեր քաղաքում անցկացվող միջոցառումների և համերգների ժամանակ, ամեն անգամ` նորովի: Ինչպե՞ս է դա քեզ հաջողվում:

 

Շնորհակալ եմ, իրականում ես հատուկ ոչինչ չեմ անում: Դա ներսի վիճակ է: Ես ինքս միապաղաղ կյանքից և առօրյայից շուտ հոգնող մարդ եմ, և կարծում եմ` դա է պատճառը, որ միշտ նոր լուծումներ եմ գտնում, ինչն էլ, փաստորեն, շոյում է հանդիսատեսի աչքը:

 

Գիտեմ, որ հիմնականում հանդես ես գալիս կենդանի բենդի նվագակցությամբ: Հե՞շտ է արդյոք ամեն օր նույն էներգիայով և առանց հանգստանալու երգելը:

 

Գիտեք, երգչի համար շատ կարևոր է հանգստանալը, բայց ես ուրախ եմ, որ հրավերների պակաս չունեմ, և դա, ընդհակառակը, օգնում է միշտ ֆորմայի մեջ լինել, աշխատել ու աշխատել, միշտ փորձել և չծուլանալ: Կարծում եմ բախտս բերել է այդ հարցում. իմ նվագախմբի տղաներն էլ շատ պրոֆեսիոնալ և աշխատասեր են, մեր համագործակցությունը կայացած եմ համարում:

 

Գիտեմ, որ պատրաստվում ես մեկնել հյուրախաղերի:

 

Այո´, նոյեմբերի մեկին Լոս Անջելեսում Դոլբի համերգասրահում կայանա Ռազմիկ Ամյանի մենահամերգը, որին հրավիրված եմ մասնակցելու: Շատ գեղեցիկ համերգ է լինելու: Բացի դրանից պատրաստվում եմ տեսահոլովակ նկարել իմ հեղինակային երգի հիման վրա: Ի դեպ երգի համար ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել Հրանտոյին, Գրիգոր Մնացականյանին, LP փրոդաքշնին` հիանալի գործիքավորման համար:

 

Անձնական կյանքում փոփոխություններ կա՞ն:

 

Դեռ ոչ: Հիմա կենտրոնացած եմ ավելի շատ աշխատանքի վրա: Ամեն բան` իր ժամանակին: