Սոնա և Մարինե Քոչարյանների «Ինչպես անցնել (Ջիլիզից ջիլիզ)» վավերագրական ֆիլմը կմասնակցի Կանադայում անցկացվող վավերագրական ֆիլմերի «Hot docs» միջազգային փառատոնին: Ֆիլմի հեղինակներն իրենք են մասնակցության հայտ ուղարկել, որպեսզի կինոնկարը ներկայացվի հանրությանը: Փառատոնը կանցկացվի ապրիլի 23-ից մայիսի 3-ը:


«Արմենպրես»-ի հետ զրույցում ֆիլմի հեղինակներից Մարինե Քոչարյանը տեղեկացրեց, որ ի սկզբանե իրենք որոշել էին դիմել վավերագրական ֆիլմերի կարևորագույն փառատոներին:

 

«Շատ կարևոր քայլ է՝ սկսել փառատոների շարքը լավագույններից, որպեսզի ֆիլմդ լավ պատմություն ունենա: Դրանցից մեկն էլ Կանադայի «Hot docs» փառատոնն է, որտեղ էլ տեղի կունենա մեր ֆիլմի համաշխարհային պրեմիերան: Որքանով մենք ենք ուսումնասիրել՝ այս փառատոնը Հյուսիսային Ամերիկայում վավերագրական ֆիլմերի լավագույն փառատոնն է»,-նշեց Մարինե Քոչարյանը:

 

Հեղինակները դիմել են նաև այլ փառատոներ: «Պիտի շարունակենք այդ աշխատանքը: Դեռ չգիտենք՝ կմասնակցենք ֆիլմի համաշխարհային պրեմիերային, թե ոչ, քանի որ դեռ ֆինանսական խնդիրներ կան, բայց, փառք Աստծո, ունենք նաև շատ լավ աջակիցներ: Հուսանք՝ ամեն ինչ կկարգավորվի ու ներկա կգտնվենք: Կարևորն այն է, որ ֆիլմը «Hot docs»-ին ցուցադրվելու է երեք անգամ ու մասնակցելու է մրցույթին: Ֆիլմը պարզապես չի ցուցադրվելու. այնպես է ստացվել, որ առաջին ցուցադրությունն ապրիլի 24-ին է լինելու»,- հավելեց Մարինե Քոչարյանը:

 

 

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հետ նախորդ տարի նախաձեռնել էր երիտասարդ վավերագրողների ֆիլմերի մրցույթ: «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթող էր ճանաչվել Սոնա և Մարինե Քոչարյանների «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» ֆիլմը: