Չորս օր ամբողջ Կաննը ողողված կլինի հայկական երաժշտությամբ: Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով հունիսի 5-8-ը կմասնակցի Ֆրանսիայում անցկացվող MIDEM միջազգային երաժշտական հեղինակավոր փառատոնին: Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մարտի 18-ին պաշտոնապես հայտարարվեց միջազգային կարևոր այդ իրադարձությանը Հայաստանի մասնակցության մասին:


ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանընշեց, որ այս միջոցառումն, ի թիվս այլ իրադարձությունների, կազմակերպվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում:

 

«MIDEM-ի հեղինակավոր հարթակում մենք ներկայացնելու ենք ոչ միայն հայկական երաժշտությունը, այլև վերածնված Հայաստանը, դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասին: MIDEM-ն արտերկրում կազմակերպվող կարևորագույն ծրագրերի շարքում է: Տարիներ առաջ Ֆրանսիայում մենք ներկայացրել ենք մեր մշակույթը: Այս առաջարկը չէինք կարող չընդունել, որովհետև MIDEM-ն ամենահեղինակավոր փառատոններից է, տեղի ունենում մեր բարեկամ Ֆրանսիայում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ՀՀ մշակույթի նախարարը: Հասմիկ Պողոսյանն ընդգծեց, որ MIDEM-ի ն երկայացուցիչները բազմիցս այցելել են Հայաստան:

 

«Շնորհակալ եմ Ֆրանսիայի դեսպանին և դեսպանատանը, Ֆրանսիայում մեր երկրի դեսպանությանը, ինչպես նաև մեր հովանավոր «Տաշիր գրուպ»-ին` աջակցության համար»,-հավելեց նախարարը: Նախարարի խոսքով՝ մասնակցությունն այս իրադարձությանը լայն հեռանկարներ կբացի:

 

ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն կարևորեց, որ Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցելու է փառատոնին:

 

«Սա երախտիք է առ հայկական երաժշտությունը, երախտիք ուղղված հայկական արվեստին: Սա նաև ուղերձ է և ինչ-որ տեղ ընդգծում է հետևյալ միտքը ՝ մշակույթն ավելի ուժեղ է, քան բռնությունը, և որ հայկական մշակույթը հաղթահարել է տանջանքներն ու տառապանքները, մշակույթն անհամեմատ ավելի բարձր է»,-նշեց Ֆրանսիայի դեսպանը:

 

Նրա խոսքով՝ Կաննում անցկացվելիք փառատոնում Հայաստանն ի տես աշխարհի կներկայացնի իր երաժշտութունը՝ ավանդական և ժամանակակից բոլոր դրսևորումներով:

 

«Ես ցանկանում եմ, որ հայ երիտասարդ երաժիշտներին առիթ ընձեռվի, որպեսզի նրանք ներկայացնեն իրենց տաղանդը: Շատ ուրախ և հպարտ եմ, որ նմանատիպ իրադարձություն պետք է տեղի ունենա ֆրանսիական հողում»,-հավելեց դեսպանը:

 

Reed MIDEM ընկերության մշակութային ծրագրերի տնօրեն Կորնելիա Մուխը նշեց,  որ անցկացվող իրադարձությունների ժամանակ հնչելու են հայկական երաժշտության տարբեր նմուշներ և հանդես են գալու տարբեր կոլեկտիվներ ու մենակատարներ («Հովեր» երգչախումբ, Երիտասարդական նվագախումբ, Նարեկ Հախնազարյան և այլ հայտնի կատարողներ):

 

« MIDEM-ի մասնակիցները հնարավորություն կունենան համտեսելու նաև հայկական կերակրատեսակներ և հայկական խմիչքներ: Բացի այդ, հարգանքի տուրք ենք մատուցելու Կոմիտասին: Այս տարի Հայաստանը ազգային մեծ տաղավար է ունենալու՝ հենց կենտրոնում»,-նշեց Մուխը՝ հավելելով, որ ներկայացվելու են նաև նկարներ և հայկական հագուստի նմուշներ:  

 

MIDEM-ը աշխարհի երաժշտական ինդուստրիայում կարևորագույն փառատոններից է, որն անցկացվում է 1966 թվականից Կաննում: Փառատոնին մասնակցում են աշխարհի հեղինակավոր ձայնագրման ֆիրմաներ, հայտնի երգիչներ, խմբեր, պրոդյուսերական կենտրոններ և երաժշտական հրատարակչություններ («Սիկորսկի», «Հարմոնիա մունդի» և այլն):

 

Յուրաքանչյուր տարի մասնակից երկրներից մեկին հնարավորություն է ընձեռվում ներկայանալու փառատոնին որպես պատվավոր երկիր: Սա նշանակում է, որ փառատոնի շրջանակում գերակա երաժշտական թեման տվյալ երկրի երաժշտությունն ու մշակույթն են:

 

Հայաստանը պատվավոր երկրի կարգավիճակով ներկայացնելու նպատակով «Պրո Արտ» ընկերության ստեղծագործական թիմը մշակել և ներկայացրել է «Երաժշտության հայկական տարրերը» կոնցեպցիան: Հայաստանի՝ որպես փառատոնի խորհրդանիշ մշակվել է նուռը, որը պատկերված է չորս տարբեր գույներով, որոնք խորհրդանշում են օդը, ջուրը, հողը և կրակը: Հայկական տաղավարում կներկայացվեն Հայաստանում և նրա սահմաններից դուրս գործող երաժշտական խմբերի, անհատ կատարողների, կոմպոզիտորների ստեղծագործությունների սկավառակները և ոլորտին վերաբերող տպագիր նյութեր: Մեծ աշխա տանք է տարվում նաև Կաննում Հայաստանի վիզուալ ներկայացման ուղղությամբ: Միջոցառման օրերին քաղաքը զարդարված կլինի հայկական գույներով, «Հայաստան՝ պատվավոր երկիր» խորհրդանշով դրոշներով: