Հայաստանը «Եվրատեսիլ-2015» մրցույթում ներկայացնող «Genealogy» խմբի «Don’t deny» երգը «Youtube» սոցիալական ցանցում 323 հազարից ավելի դիտում ունի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսահոլովակն ընդամենը երկու օր է, ինչ տեղադրված է մրցույթի պաշտոնական՝ Eurovision Song Contest էջում, և եվրատեսիլյան ամենաշատ դիտված տեսահոլովակներից երկրորդն է՝ մարտի 14-ի ժամը 15:00-ի դրությամբ:


Առաջին հորիզոնականում է Միացյալ Թագավորությունը ներկայցնող «Electro Velvet»-ը՝  «Still In Love With You» երգով: Տեսահոլովակն ունի գրեթե 750 հազար դիտում: Երրորդ հորիզոնականում Էստոնիան ներկայացնող «Elina Born & Stig Rasta»-ի «Goodbye To Yesterday» երգն է՝ 321 հազարից ավելի դիտումով:

 

«Եվրատեսիլ» երգի մրցույթին այս տարի Հայաստանը կներկայանա «Don’t deny» երգով, որը համամարդկային արժեքների մասին է, իսկ ասելիքը մեկն է. «Երջանկությունը ծնվում է, երբ մարդ հաշտ է ինքն իր հետ, իր ընտանիքում, սիրային եւ այլ հարաբերություններում: Սերունդները փոխվում են, բայց ծագումնաբանությունը՝ ոչ, ուստի սիրո ու համերաշխության արժեքները մնայուն են»:

 

 

«Don’t deny» երգի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանն է, իսկ խոսքերի հեղինակը՝ Իննա Մկրտչյանը: