Հայկական ժամանակակից նորաձևության հիմնադիրներից մեկը` Լիլիթ Մարգարյանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ կներկայացնի «Gallery 100» հավաքածուն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջոցառումն իրականացվում է ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ:
Ապրիլի 7-ին ներկայացվելիք հավաքածուի հիմքում հայ կնոջ կերպարն է ու նրա ոճի զարգացումը` պատմական և տարածքային բազմազան գործոնների ազդեցությամբ: Դիզայները ներկայացնում է 1915-ը վերապրած հայ կնոջը, ով ոչ միայն կարողացել է պահպանել բարոյական բարձր արժեքներ, այլև գեղարվեստի մեծ վարպետների սերունդ է դաստիարակել:
Հավաքածուի հիմնական նմուշները զգեստներն են, որոնք 20-րդ հարյուրամյակի հայ նկարիչների ստեղծագործություններից ոգեշնչման արդյունք են: Լիլիթ Մարգարյանի հավաքածուի հիմքում Սարյանի, Հակոբյանի, Կալենցի, Գառզուի և նման մեծանուն նկարիչների փորագրանկարներն են: Ներկայացվող դեֆիլեի առանձնահատկություններից են լինելու նաև Նուռի՝ հատուկ այս միջոցառման առթիվ ստեղծած աքսեսուարները, որոնք զարդարելու են հավաքածուի նմուշները:
Ներկայացվում է մի ամբողջ դարաշրջան՝ մարմնավորված թափանցիկ շիֆոնի ծփանքներով, նրբերանգ քաշմիրով, կաշվե ժանյակներով ու մանեկեններով: Երկրաչափական ձևվածք, անխառն (մոնոքրոմ) գույներ, անհարմարվողականություն (նոնկոնֆորմիզմ), մինիմալիզմ և բազմաոճություն (էկլեկսիկա). հավաքածուն կարելի է համարել ուլտրանորաոճ: Համաշխարհային պոդիումների առաջադրած պահանջն էլ հենց դա է: Նորաձևության ոլորտի այս իրադարձությունը տեղի կունենա «Meridian Expo Centre» կենտրոնի մեծ սրահում։