Հայ 97-ամյա մեծահարուստ Քըրք Քըրքորյանը նախատեսում է նկարահանել Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին showbiz411.com կայքում գրել է լրագրող Ռոջեր Ֆրիդմանը` հենվելով անանուն աղբյուրի հաղորդած տվյալների վրա և ընդգծելով, որ Քըրքորյանը միշտ հիացած է եղել «Հոլիվուդ»-ով:
Նշվում է, որ ֆիլմի նախագծին արդեն միացել են «Օսկար»-ի առաջադրված ռեժիսոր և սցենարիստ, որոնց անունները չեն հաղորդվում: Ֆիլմում նկարահանվելու են տարբեր հայտնի դերասաններ, որոնց անունները կարող են շուտով հրապարակվել: Ֆրիդմանը հայտնել է, որ դեռևս չվերնագրված ֆիլմի նկարահանումները սկսվելու են ամռանը Եվրոպայում: Լրագրողի հավաստմամբ` ֆիլմի բյուջեն մեծ է լինելու: Լրագրողը համոզմունք է հայտնել, սակայն, որ ֆիլմում ամեն դեպքում չեն լինելու Քարդաշյանները:
Հոդվածի հեղինակը հիշեցնում է ընթերցողներին, որ 97-ամյա հայ գործարարն ունի 4 միլիարդ ԱՄՆ դոլարի կարողություն:
Ռոջեր Ֆրիդմանը տասը տարի Fox News-ում աշխատելուց հետո 2009 թվականից սյունակ է վարում showbiz411.com-ում: Նա հրապարակումներ ունի նաև Vouge, The New York Times, Post, Daily News պարբերականներում:
«Արմենպրես»-ը դեռևս չի հաստատում տվյալ տեղեկատվության հավաստիությունը, սակայն փորձում է կապ հաստատել ու ճշտել այն: