Նուրբ և ինքնատիպ ձայն ունեցող երգչուհի Թամար Կապրելյանն իր կատարումներով կարողանում է հուզել, մտորելու տեղիք տալ, շեղել առօրյա հոգսերից: Ամերիկահայ երգչուհին իր ունկնդիրներին երաժշտության միջոցով մտովի տեղափոխում է օվկիանոսներով և ճանապարհներով՝ մարդկային հարաբերություններն առավել մտեր միկ դարձնելով: Թամար Կապրելյանի անունը հայտնի է ոչ միայն Հայաստանում և ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում: «Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը «Genealogy» խմբի կազմում ներկայացնող երգչուհին հարցազրույց է տվել «Արմենպրես»-ին:
-Թամար,այս տարի Դուք հայազգի 5 այլ տաղանդավոր երգիչների հետ ներկայացնելու եք Հայաստանը
«Եվրատեսիլ» երաժշտական հեղինակավոր 60-րդ մրցույթում: Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար մրցույթը և «Genealogy»
խմբի անդամ լինելը:
-Իմ ընտանիքը «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի մեծ երկրպագու է: Հորեղբայրս յուրաքանչյուր տարի դիտում է մրցույթը՝ բաց չթողնելով եւ ոչ մի կատարում: Մեծանալով նման շրջապատում՝ այդ ամենը փոխանցվել է նաև ինձ. ես ինքս էլ միշտ հետևել եմ «Եվրատեսիլ»-ին: «Աբբա» խումբը, որը ժամանակին հաղթել է «Եվրատեսիլ»-ում, ինձ վրա իսկապես մեծ ազդեցություն է ունեցել: Իսկ այս տարի «Եվրատեսիլ»-ն ինձ համար դարձել է հայրենիքի հետ կապ հաստատելու եւս մեկ միջոց, «Genealogy» խմբի անդամ լինելը կօգնի նաեւ ներկայացնելու հայերին: Ինձ համար մեծ պատիվ է լինել խմբի մի մասնիկը, ինչի համար ես ինձ շատ հաջողակ եմ համարում:
-Ի՞նչ սպասելիքներ կան մրցույթից: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է «Don’t deny» («Մի՛ ժխտիր») երգը:
-Մեծ սպասումներ չունեմ: Իմ միակ ցանկությունը, թերևս, Հայաստանը պատշաճ կերպով ներկայացնելն է: Իսկ երգն իսկապես լավն է: Երգի հեղինակը կարողացել է մեկ երգի մեջ ներառել 6 արտիստի յուրահատկություններն ու առանձնահատկությունները:
-Տեղյակ եմ, որ Ձեր պապիկի մահվանից մի քանի տարի հետո, նրա պատվին ու հիշատակին նախընտրել եք կրել
նրա
ազգանունը:
-Այո, իրավացի եք: Իմ ազգանունը Մարդիրոսյան է, իսկ մայրիկինը՝ Կապրելյան: Երբ մորական պապիկս մահացավ, ես ցանկացա ի հիշատակ նրան վերցնել նրա ազգանունը և օգտագործել որպես բեմական ազգանուն:
-Ինչպե՞ս սկսվեց ամեն ինչ, ինչպե՞ս սիրեցիք երաժշտությունը:
-Հայրս միշտ 60-70-ականների երաժշտություն էր լսում: Իմ ծնողներն ասում էին, որ ես նախ սկսել եմ երգել, ոչ թե խոսել: Դա կարծես ինձ համար շատ բնական էր, ինչպես ուրիշների համար խոսելը: Ես մտա երաժշտության ասպարեզ, երբ 15-16 տարեկան էի: Այդ ժամանակ սկսեցի նվագել դաշնամուր, որը սովորեցի ինքս՝ լսողությամբ: Այնուհետև սկսեցի գրել իմ սեփական երգերը: Հիմա 28 տարեկան եմ, ինչը վկայում է, որ արդեն բավականին ժամանակ է ստեղծագործում եմ, գրում երգեր ու կատարում:
-17 տարեկանում սկսել եք դաշնամուր նվագել. հիշու՞մ եք, թե ինչպես առաջին անգամ նստեցիք այդ գործիքի առջև:
-Ես շատ էի հուսահատվում, որ չէի կարողանում նվագել իմ երգերը, հենց այդ պատճառով էլ սկսեցի սովորել դաշնամուր նվագել: Առհասարակ, իմ սիրելի երգահանները նույնպես ստեղծագործում են դաշնամուրի օգնությամբ, օրինակ Էլթոն Ջոնը: Ես ինձ հպարտ զգացի, որ կարող եմ նվագել ու կատարել իմ երգերը միաժամանակ, ոչ թե սպասել, որ ինչ-որ մեկը նվագի այն ինձ համար: Երբ դու ինքդ նվագում ես, ավելի ես կապվում երաժշտության հետ: Այն ինձ շատ օգնեց:
-2008 թվականին հաղթեցիք One Republic խմբի կողմից YouTube-ում հայտարարված "Apologize" երգի լավագույն վերարտադրման մրցույթում: Ինչպե՞ս էիք տեղեկացել մրցույթի
մասին և ինչպե՞ս որոշեցիք մասնակցել: Մրցույթն ի՞նչփոխեց Ձեր կյանքում:
-Իրականում ես առանց որևէ սպասումների եմ մասնակցել մրցույթին: Չէի էլ մտածում հաղթանակի մասին: Այնուհետև նամակ ստացա, որտեղ ասվում էր իմ հաղթանակի մասին, որը շատ դռներ բացեց ինձ համար: Ես իրենց օգնությամբ կարողացա ձայնասկավառակ թողարկել:
-Ձեր առաջին ձայներիզը թողարկել եք դեռևս 2010 թվականին, իսկ այս տարի կթողարկեք ևս մեկը: Ի՞նչ սպասենք
նոր ձայներիզից, ինչպե՞ս է կոչվում, ի՞նչ երգեր է այն ներառելու:
-Այն էապես կտարբերվի նախորդից: Իմ նոր ձայնասկավառակը կլինի օրգանիկ ոճում, ինչը նշանակում է, որ երգերը ձայնագրվում են մեկ փորձից՝ ինչպես կենդանի կատարումներ, ուստի շատ բնական են հնչում:
-Բացի «Եվրատեսիլ»-ից ի՞նչ այլ ծրագրեր, նախագծեր ունեք:
-Ես մտածում եմ, որ «Եվրատեսիլ»-ը եւ ձայնասկավառակը նոր հնարավորություններ կընձեռեն ինձ: Հուսով եմ՝ այս ամառ կսկսեմ աշխատել իմ նոր ալբոմի վրա:
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին՝ «Կառուցելովկամուրջներ» նշանաբանի ներքո: Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի
ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրատեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության
ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ: Կարեւորելով խաղաղության, միասնության եւ
հանդուրժողականության գաղափարը՝ ստեղագործական խումբը որոշեց այս տարի համախմբել 1915-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա,Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին:
Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում ենանմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ
մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթիհամար ձեւավորվող խումբը կկրի «Genealogy» անվանումը՝
6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն:
Երգի վերնագիրն է՝ «Don’t deny» («Մի՛ ժխտիր»):
Ռոզա Գրիգորյան