Երգչուհի Մաշա Մնջոյանը պատրաստվում է մեկնել Եվրոպա, որտեղ Ռոբերտ Մլքեյանի ղեկավարած Գյումրու «Տիրամայր Հայաստանի» երգչախմբի հետ կներկայանա եկեղեցական երգերի կատարումներով:
«Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ «Տիրամայր Հայաստանի» երգչախումբը համերգներ է ունենալու Իտալիայում և Ֆրանսիայում: Հռոմում Պապի ներկայությամբ մատուցվելու է պատարագ՝ Եղեռնի զոհերի հիշատակին: Մենք կկատարենք պատարագային համարներ»,- ասաց Մաշան ու հավելեց, որ այս խմբով հաճախ են շրջագայել Եվրոպայում: «Մենք Եվրոպայում ճանաչված ենք ու արդեն սիրված, ինչը շատ հաճելի է», - ավելացրեց նա:
Երգչուհու խոսքով՝ թեև «Հայաստանի ձայնից» հետո պասիվ է նորությունների առումով, ինքը ստվերում չէ: «Շատ հաճախ եմ մասնակցում համերգների, հրավերներ ունեմ դրսից, եղել եմ Եվրոպայում, Ամերիկայում: Կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ հանդիսատեսի տեսադաշտում լինես»,- ասաց նա:
Մաշայի փոխանցմամբ՝ շատ գեղեցիկ երգ է նվեր ստացել երգահան Գուժից, ով հեղինակել է նաև իր և Սոնայի նոր զուգերգը, որը պատրաստվում են առաջիկայում ձայնագրել: «Հավանաբար հաջորդ շաբաթվանից կսկենք աշխատել երգի վրա և հուսով եմ՝ մոտ ապագայում արդեն այն պատրաստ կլինի: Այդ երգի ձայնագրությունը շատ ձգձգվեց, ամեն բան կախված է ֆինանսական հնարավորութւյուններից»,- նշեց նա:
«Run away» կոչվող երգը, ըստ Մաշայի, ռոքային է, սակայն ինքն ու Սոնան առանձնանում են իրենց ոճերով:
Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը