Հայաստանյան թատերական ոլորտը պատրաստվում է Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գործեր ներկայացնել հանդիսատեսին: Թատերականգործիչների միության նախագահ, Պատանիհանդիսատեսի թատրոնի գեղարվեստականղեկավար Հակոբ Ղազանչյանը փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ մի շարք թատրոններ իրենց նոր և հին ներկայացումներով անդրադառնում են 100-րդ տարելիցին:
«Պատանի հանդիսատեսի թատրոնը ապրիլի վերջին հանրությանը կներկայացնի Անուշ Ասլիբեկյան-Արծրունու «Մերսեդես» պիեսը: Ներկայացման մեջ որպես գլխավոր դերակատար հանդես կգա դերասանուհի Նորա Արմանին: Ներկայացվում է ցեղասպանությունից մազապուրծ փրկված աղջկա պատմությունը, որը որոշում է գալ Հայաստան և կյանքը շարունակել այստեղ: Պիեսում ներկայացվում է նրա կենսագրությունը, իսկ ցեղասպանության թեման անընդհատ առկա է: Ներկայացումը տրորված ճակատագրերի մասին է, որոնք ցեղասպանության հետևանքն են»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Հակոբ Ղազանչյանը: Նրա խոսքով՝ հին և նոր բեմադրություններ կլինեն նաև Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և այլ թատրոններում:
«Թատրոններ կան, որ նոր ներկայացումներ չեն անում, բայց դրանց խաղացանկում առկա են ցեղասպանությանն առնչվող մի շարք բեմադրություններ: Ես այն կարծիքին չեմ, որ թատրոնները պետք է հենց այս տարի անդրադառնան այս թեմային, պարտադիր չէ, որ հենց տարելիցը լինի` նոր անդրադառնանք: Այսպես թե այնպես այս թեման պարբերաբար հայտնվում է այս կամ այն թատրոնի խաղացանկում»,-նշեց Հակոբ Ղազանչյանը:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: