Նկարիչ ու դիզայներ Նիկոլայ Միրումյանն իր գործընկերներից տարբերվում է սուրճի հանդեպ յուրահատուկ կրքով։ Բայց ոչ խմիչքի, այլ՝ բաժակի տակ մնացած նստվածքի։ Հենց նստվածքն է Միրումյանին ներկ ծառայում, որը նրա ձեռքերում գլուխգործոց է դառնում։ Սկզբում երեւակայության մեջ, ապա՝ թղթի վրա։ Ինչի՞ց սկսվեց ամեն ինչ, ի՞նչ դեր խաղաց հայկական կիրքը սուրճի հանդեպ։ NEWS.am STYLE-ը որոշեց պարզել մանրամասները։

Նիկոլայ, պատմեք, ինչպե՞ս ծնվեց նման յուրօրինակ գաղափարը՝ նկարել սուրճի նստվածքով։ Հայկական մտածելակերպը դրանում դեր ունեցա՞վ։

Պատահական ստացվեց։ 2008 –ին, երբ երկար դադարից հետո եկա Հայաստան… Մտածելակերպի պահով չգիտեմ, սակայն երկրում սուրճի կուռքը միանշանակ դեր ունեցավ։ Դրանից առաջ ես բնական սուրճ ընդհանրապես չէի խմում։ Իսկ այստեղ ամեն տեղ սուրճ են առաջարկում։ Սկզբում հրաժարվում էի, բայց մի օր որոշեցի փորձել։ Պարզեց՝ շատ համեղ է։

Նկարելու գաղափարը փորձ էր, որին մղեց գուշակելու սովորույթը։ Պատկերները, որ ինքնըստինքյան հայտնվում էին բաժակի տակ ու պատերին սուրճի նստվածքից, շատ գրաֆիկական տեսք ունեին։ Ես մտածեցի, ինչո՞ւ սուրճի նստվածքը չօգտագործել որպես պարկերման միջոց։ Դրանից բացի, դրանում ինչ-որ միստիկ բան կար։ Կարծում եմ, հենց այդ պատճառով էլ դրանք ավելի ձգող են թվում։

Դուք սուրճի նստվածքով նկարող միա՞կ մարդն եք։

Իմ «Թափված սուրճի նկարները» ցուցահանդեսը կազմակերպողները փորձել են պարզել դա, եւ ոչ մեկին չեն գտել։ Կան նկարիչներ, որ նկարում են սուրճով, սակայն ոչ նստվածքով։ Բայց դա նույն ջրաներկի տեխնիկան է։ Այդ պատճառով էլ ասում եմ, որ սա «Սուրճ-արտ» է։ Թող տեխնիկայի անվանումը հայերեն լինի, այդպես ավելի ազնիվ է։

Իսկ սուրճի նստվածքով գուշակությանը հավատո՞ւմ եք։

Ոչ։

Ի՞նչ սուրճ եք նախընտրում։

Բնական։ Արաբիկա։

Օրական քանի՞ բաժակ։

Տարբեր։ Կարող է լինել օրական կամ էլ շաբաթական մեկ անգամ, ըստ տրամադրության։

Հայաստանում ցուցահանդես ունեցե՞լ եք։ Եթե ոչ, ապա ծրագրո՞ւմ եք։

Հայաստանում ցուցահանդես դեռ չեմ ունեցել։ Բայց ուրախ կլինեմ, եթե երբեւէ լինի։

Անհամեստ հարց. որքա՞ն են գնահատվում ձեր նկարներն այսօր։

Չգիտեմ։ Երբ Կրասնոդարում ցուցահանդես եղավ, ինձ դիմեցին մի քանի աշխատանք գնելու խնդրանքով, սակայն այդ ժամանակ բոլորին մերժեցի եւ նույնիսկ չգիտեմ էլ, թե որքան էին պատրաստ վճարել։

Այսինքն, բոլոր նկարները ձեզ մո՞տ են։

Մեծ մասը։ Չէի ցանկանում վաճառել նկարներս մեկ օրինակով, ցանկանում էի, որ դրանք մի լավ սրճարանի մաս դառնան, սակայն նման առաջարկ չի եղել։ Ինձ թվում էր, որ դրանք պետք է միասին լինեն, քանի որ դրանցից մի քանիսը ես ամբողջի մաս եմ համարում, շարքի տեսքով դրանք շատ ավելի հետաքրքիր են։

Ինչպե՞ս է վերաբերվում ձեր ընտանիքը ձեր արվեստին։

Հանգիստ, համար թե չի նկատում։ Լավ, կատակում եմ։ Չգիտեմ նկարներին՝ ինչպես, սակայն մայրս շատ է սիրում իմ մասին հրապարակումները կարդալ։ Իսկ ինձ դուր է գալիս, երբ նա կարդում է։
Կողքից կարող է թվալ, եւ այդպես հաճախ լինում է, որ սուրճի նկարներն իմ կյանքի մեծ մասն են զբաղեցնում։ Իրականում այդպես չէ։ Թեեւ, խոստովանում եմ, ինձ դուր է գալիս այն միտքը, որ ես կարող եմ տարվել սուրճե գրաֆիկայով։

Ինչի՞ց եք ոգեշնչվում։

Ամեն ինչից։ Սակայն ամենաշատն, իհարկե, ինձ ոգեշնչում է կինս։

Ի՞նչ եք սիրում ավելի շատ նկարել։

Մարդկանց։ Նրանք ինձ հետաքրքրում են, քանի որ այլ մարդկանց միջոցով կարող ես ճանաչել ինքդ քեզ…

Աշակերտներ ունե՞ք։ Կա՞ն տաղանդավորներ, ում կարելի է փոխանցել գիտելիքները։

Եթե գիտելիքներ ունենայի, կարելի էր մտածել դրանք փոխանցելու մասին։ Ես ինքս եմ աշակերտ։