ESem.am-ն իր ընթերցողներին պատմել է USArmenia-ի նոր հեռուստանովելի՝ «Բախտաբերի»մասին, որում խաղում են դերասաններ Սոս Ջանիբեկյանը, Սարգիս Գրիգորյանը, Էթերի Ոսկանյանը, Անժելա Սարգսյանը, Հարություն Մովսիսյանը, Սոֆի Դևոյանը և այլք:
ESem.am-ը զրուցել է դերասանուհի Էթերի Ոսկանյանի հետ, ով ֆիլմում մարմնավորում է գլխավոր դերակատարուհուն՝ Մարիամին: «Ֆիլմում մարմնավորում եմ համեստ, հասարակ, բարի աղջկա, ով Բժշկական համալսարանում է սովորում: Մարմնավորածս հերոսուհին կյանքի դժվարին փուլում է, սիրելով մի տղայի՝ ամուսնանում է մեկ ուրիշի հետ, ով ավելի ապահված է ու կարող է օգնել իր ընտանիքին դուրս գալ օրհասական վիճակից,- ESem.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհին՝ հավելելով,- ֆիլմում հայրս ծանր հիվանդ է, և ես, լինելով նրա միակ զավակը, ինձ պարտավորված եմ զգում ամեն բան անել նրա ապաքինման համար: Քանի որ ֆինասանկան սուղ վիճակում ենք ապրում ստիպված թողնում եմ սիրելիիս ու ամուսնանում հարուստ տղայի հետ, ով ինձ շատ է սիրում և ամեն բան անում է ինձ՝ սերիալային իր կնոջը, երջանիկ տեսնելու համար»:
Դերասանուհին նշեց, որ չի ցանկանա, որ որևէ մեկը երբևէ հայտնվի այդպիսի իրավիճակում: «Հերոսուհին, իրոք, շատ ծանր հոգեբանական վիճակում է, նա ծանր, դժվարին ընտրության առջև է կանգնած»,- հավելեց Էթերին:
Խոսելով տևական ժամանակ ունեցած դադարի մասին՝ նա ասաց, որ այս ընթացքում մի քանի հեռուստասերիալներում նկարահանվելու առաջարկներ ունեցել է, սակայն մերժել է: «Հեռուստասերիալները շատ ժամանակ են խլում, իսկ ես խիստ եմ ընտրում, թե ինչի վրա ծախսեմ ինձ համար ամենաթանկ բանը՝ ժամանակը: Այս 2 տարիների ընթացքում ընդունվել և մինչ օրս սովորում եմ Շվեյցարիայի տնտեսական քոլեջի հայաստանյան մասնաճյուղում»,- ասաց նա ու հավելեց, որ մի քանի ամիս Շվեյցարիայում է եղել՝ քրոջ մոտ: «Այս դադարն ինձ պետք էր հանգստանալու և լիցքաթափվելու համար»,- եզրափակեց դերասանուհին:
Զրուցեց Մերի Պողոսյանը