Բրիտանական ֆիլմերի 13-րդ փառատոնն այս տարի կմեկնարկի փետրվարի 14-ին և նվիրված կլինի սիրո տարածման ու պահպանման գաղափարին:


«Արմենպրես»-ին Բրիտանական խորհրդից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ փառատոնը Երևանում կանցկացվի փետրվարի 14-20-ը:

 

Այս տարի հանդիսատեսը կդիտի 2014 թվականի արտադրության յոթ ֆիլմ, որոնք պատմում են սիրո, հավատարմության, հասարակության ստեղծած կանոնների, երջանկության համար մղվող պայքարի ու հաղթանակի մասին: Կինոսերները հնարավորություն կունենան դիտել հնարավոր բոլոր ժանրերի ֆիլմեր` կատակերգությունից և հոգեբանական թրիլերից մինչև փաստագրական դրամա, որի հիմքում ընկած են տարբեր բովանդակություններ` ընտանեկան հարաբերություններ, սոցիալական խնդիրներ և, իհարկե, սեր:

 

Փառատոնի բացումը տեղի կունենա «Մոսկվա» կինոթատրոնում «Օսկար»  մրցանակաբաշխությ ան «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրված «Նմանակման խաղ» ֆիլմով: Ֆիլմեր կկարողանան դիտել նաև «Սինեմա Սթար»  կինոթատրոն հաճախողները: Կինոնկարները կցուցադրվեն ինչպես անգլերեն, այնպես էլ թարգմանաբար:  

 

Փառատոնի ծրագիրը ներկայացնում է ջերմ ընդունելության արժանացած բրիտանական ֆիլմեր՝ «Նմանակման խաղ»-ը, «Բելը», «Անտեսանելի կինը», «Հնարավորություններն անսահման են», «X+Y», «Վիրունգա», «Սերն ամեն ինչ է»: Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է:

 

Փետրվարի 21-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի կունենա «Երեկոն կինոթատրոնում 1914-ին» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված Առաջին աշխարհամարտի հարյուրամյակին։ Նշանավորելով Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը՝ կատակերգությունների, արկածային ֆիլմերի, ուղեգրությունների և կինոժամանակագրության փառահեղ խառնուրդ այս ժապավենը վերստեղծում է 1914-ին բնորոշ երեկոն կինոթատրոնում:

 

Մեկ դար առաջ կինոն նոր, հետաքրքիր և զվարճանքի մեծ ժողովրդականություն վայելող տեսակ էր: Կինոթատրոնը Մեծ Բրիտանիայում աշխույժ միջավայր էր, ուր մարդիկ հան գստանում էին և փախչում առօրյա հոգսերից: Գեղարվեստական ֆիլմեր հազվադեպ էին ներկայացվում, ծրագիրը ժամանցային էր՝ կարճամետրաժ ֆիլմերի անընդհատ փոփոխվող անվանացանկով ու կենդանի երաժշտական նվագակցությամբ:

 

Երևանյան ցուցադրությունից հետո ֆիլմերը կներկայացվեն նաև Դիլիջանում, Արմավիրում, Արարատում: