Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հաստատել է իր այցը Հայաստան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ pagesix.com կայքը գրում է, որ Քիմ Քարդաշյանը շուտով հպարտության զգացողություն կպարգևի իր հանգուցյալ հորը՝ այցելելով հայրենի Հայաստան:
«Մեր հայրը կհպարտանար: Մենք ամբողջ ընտանիքով շատ խանդավառված ենք»,- նշել է Քարդաշյանը: Հեռուստաաստղն իր հետ կբերի իր դստերը: Դեռևս հայտնի չէ՝ արդյոք Քիմի ամուսին Քանյե Ուեսթը կմիանա նրանց: Ըստ աղբյուրի՝ Քիմը հերքել է, թե ապրիլին Հայաստան է գալիս հենց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի բերումով: Page Six-ը, սակայն, գրում է, որ աստղի այցը կհամընկնի 1915-ի Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի օրերի հետ: Նշված է նաև, որ Քիմի երջանկահիշատակ հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը հայ է եղել:
Կայքը մեջբերել է նաև Ամերիկայում Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հանձնաժողովի խոսնակ Ֆիլ Վոլինսկուն, ով նշել է, թե Քիմի այցը «իմաստլից է»: «Ցանկացած հայի համար կարևոր է իր արմատներին վերադառնալու ցանկությունը` հատկապես այդ տարելիցին»,- ասել է նա: