Երևանում ապրիլին կանցկացվի «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով փառատոն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես» -ը տեղեկացավ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի պաշտոնական կայքից, փառատոնի շրջանակում մայրաքաղաքում կանցկացվի երեք համերգ՝ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Նվագախումբը կղեկավարի Վլադիմիր Սպիվակովը:
Համերգները տեղի կունենան ապրիլի 14-16-ը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Համերգային ծրագրում ընդգրկված են Գ.Մալերի «Երգեր մահացած երեխաների մասին» ստեղծագործությունը՝ Ֆ. Ռյուկերտի ստեղծագործությունների հիման վրա, Մոցարտի «Ռեքվիեմը», «համաշխարհային օպերային «Խելագարության տեսարանները»», «Չապլինի ժամը»: Որպես մենակատարներ հանդես կգան սոպրանոներ Աննա Ագլատովան և Ալբինա Շագիմուրատովան, տենոր Ալեքսեյ Նեկլյուդովը, բաս-բարիտոն Մատիաս Գյորնեն:
Ռուս դիրիժոր, ջութակահար, «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Վլադիմիր Սպիվակովը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 12-ին, Ուֆա քաղաքում՝ հրեա ընտանիքում: Պատերազմից հետո Սպիվակովի ընտանիքը վերադարձել է Լենինգրադ, որտեղ մայրը դասավանդել է երաժշտական դպրոցում: 1955 թվականին Վլադիմիր Սպիվակովը հաշվառվել է Լենինգրադի կոնսերվատորյային կից դպրոցում,որտեղ աշակերտել է Լ. Մ. Սիգալին և Վ. Ի. Շերային: 1963 թվականին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորյային կից կենտրոնական երաժշտական դպրոցը: Սովորել է Մոսկվայի կոնսերվատորյայի ՅուրÕ ¡ Յանկելևիչի դասարանում: Որպես դիրիժոր հանդես է գալիս 1965 թվականից: Ամուսնացած է հայ ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի դստեր` Սաթի Սահակյանցի հետ: