Սիրված և ճանաչված երգչուհի Իրինա Ալեգրովան համերգային երեկոյով հանդես կգա Հայաստանում: Ալեգրովայի համերգը տեղի կունենա հաջորդ տարվա մարտի 6-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: «Արմենպրես»-ի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչ «Ֆորպոստարտ» ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը տեղեկացրեց, որ ընկերությունը Երևանում 2010 և 2012 թվականներին արդեն կազմակերպել է Ալեգրովայի համերգները:
«2012 թվականին Իրինա Ալեգրովան պաշտոնապես հայտարարեց երգչուհու իր կարիերայի ավարտի մասին և հրաժեշտի համաշխարհային շրջագայություններ սկսեց: Սակայն, հաշվի առնելով իր արվեստի երկրպագուների մեծաթիվ խնդրանքները, այս տարի Ալեգրովան կրկին համերգներով հանդես կգա Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում: Իրինա Ալեքսանդրովնայի նոր ծրագիրը կոչվում է «На бис»»,-տեղեկացրեց Զառա Մխեյանը:
Իրինա Ալեգրովան երևանյան իր համերգի ընթացքում կներկայացնի իր ճանաչված և մեծ սեր ու ժողովրդականություն վայելող հիթերը: «Սա կլինի բոլորի համար տարվա իրադարձություն: Համերգի տոմսերը դեկտեմբերի 22-ից կվաճառվեն քաղաքի բոլոր տոմսարկղերում: Արդեն 35 տարի Իրինա Ալեգրովան նվիրում է մեզ ամենակարևորը՝ իր աննկարագրելի տաղանդը, հոգու ջերմությունը և հավատի լույսը: Նրա հարաբերությունը հանդիսատեսի հետ գեղեցիկ, նուրբ և անավարտ սիրավեպ է հիշեցնում: Եվ հիմա նա կրկին մեզ ժամադրություն է նշանակում»,-նշեց Մխեյանը:
Երգչուհի Իրինա Ալեգրովան ծնվել է 1952թ. Դոնի Ռոստովում: Հայրը եղել է հայ` Ալեքսանդր Սարկիսովը, ով երիտասարդ տարիներին ազգանունը փոխել է և դարձել Ալեգրով: 1961թ. երգչուհին ընտանիքով տեղափոխվել է Բաքու: Սովորել է երաժշտական դպրոցում և Բաքվի կոնսերվատորիայում: 1970թ. երգել է Երևանում` Կոստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: 1975թ. տեղափոխվել է Մոսկվա:
Մասնակցել է բազմաթիվ մրցույթների, փառատոների և արժանացել առաջատար մրցանակների: 2002թ. արժանացել է ՌԴ վաստակավոր արտիստի կոչմանը: Մասնակցել է բազմաթիվ հեռուստանախա գծերի, մեծարման երեկոների, եղել է միջազգային երաժշտական փառատոների ժյուրիի անդամ: 2010թ. արժանացել է ՌԴ ժողովրդական արտիստի կոչմանը: 2012թ. հանդես է եկել բեմական հրաժեշտի համերգային շրջագայությամբ, որի ընթացքում համերգներ է ունեցել Ռուսաստանում, Հայաստանում, ԱՊՀ երկրներում, Եվրոպայում և ԱՄՆ-ում: