Ոչ բոլորը գիտեն, որ հայտնի հայ դերասանուհի Արաքսյա Մելիքյանը դերասան Անդրանիկ Զաքարյանի կինն է, ում հետ նրանք նկարահանվել են «Կյանքի կարուսել» նախագծում։ NEWS.am STYLE -ը որոշել է իմանալ աստղային զույգի սիրո պատմության մանրամասները։

Արաքսյա, պատմեք՝ որտե՞ղ եք ծանոթացել Անդրանիկի հետ։

Հանդիպել ենք Թատերական ինստիտուտում, սովորել ենք մի կուրսում, չնայած տարիքային տարբերությանը։ Այնպես ստացվեց, որ Անդրանիկի համար սա երկրորդ բարձրագույն կրթությունն էր, քանի որ նա ավարտել էր նաեւ Ռոմանոս Մելիքյանի անվան Պետական երաժշտական քոլեջի շվիի ու դուդուկի բաժինը։

Սեր առաջին հայացքի՞ց։

Չէի ասի։ Առաջին հերթին մենք լավ ընկերներ էին։ Հետո էր, որ մեր ընկերությունը վերաճեց սիրո, իսկ այժմ արդեն՝ ընտանիքի։ Չնայած, որ մեր բնավորությունները շատ տարբեր են, մեր հայացքները նույն ուղղությամբ են նայում։

Որքա՞ն ժամանակ էիք հանդիպում, երբ նա ձեզ իր ծնողների հետ ծանոթացրեց։

Մեր հանդիպումները ծրագրված չեն եղել, մենք չենք ժամադրվել։ Հանդիպել ենք լսարաններում դասերի ժամանակ, թատրոնում փորձերի ժամանակ։ Մի խոսքով, մեր ուսանողական կյանքն ուղեկցվում էր սիրով ու հանդիպումներով։

Ինչ վերաբերում է Անդրանիկի ծնողներին, ապա նրանց հետ ես ծանոթացել եմ դեռեւս առաջին կուրսում, այդ պատճառով էլ պաշտոնական ծանոթություն չի եղել։

Իսկ ինչպե՞ս է նա ծանոթացել ձեր ծնողների հետ։

Մի գեղեցիկ օր Անդրանիկի հայրը, դերասան Գուրգեն Սեդրակյանը, որոշեց, որ ժամանակն է… Անդրանիկն ինձ զանգեց ու ասաց, որ կգան մեզ մոտ… այսպես ասած՝ խնամախոսության։ Եւ ամեն ինչ տեղի ունեցավ լույսի արագությամբ, շատ հուզառատ…

Պատմեք ձեր հարսանիքի մասին։ Որտե՞ղ է այն տեղի ունեցել, որտեղի՞ց եք գնել հարսանեկան զգստը…

Նշանվելուց որոշ ժամանակ անց, փետրվարի 18-ին, մենք ամուսնացանք։ Հյուրերը հիմնականում մեր ընդհանուր ընկերներն էին, եւ հենց դա էր հիմնական պատճառը, որ հարսանիքը շատ ուրախ անցավ… Մի խոսքով, իսկական ներկայացում էր։

Հարսանիքին պատրաստվել էինք ես ու սկեսուրս… Հարսանեկան զգեստն իր աքսեսուարներով, նվեպ եմ ստացել Անդրանիկի՝ ԱՄՆ-ում ապրող բարեկամուհուց։

Ե՞րբ գիտակցեցիք, որ ամուսնացած կին եք։

Գիտեք մինչ օրս մինչեւ վերջ չեմ գիտակցել, քանի որ առանձնապես տարբերություն չեմ տեսնում հիմիկվա ու նախկին կյանքերիս միջեւ։ Ամուսնուս հետ միշտ միասին ենք, ընկերները նույնն են մնացել։ Միակ տարբերությունն այն է, որ այժմ ես մայր եմ։ Այ դա բացատրել հնարավոր չէ…

Ի՞նչ ասած Անդրանիկը, երբ իմացավ որ հայր է դառնալու։

Շատ ուրախացավ։ Բայց չեմ հիշում, թե ինչ ասաց…

Կրկին հղի եք… ձեր ամուսինն ավելի ուշադի՞ր է դառնում, երբ այդ վիճակում եք։

Այո, ավելի նրբանկատ ու ուշադիր…

Ինչպիսի՞ ամուսին է Անդրանիկը։

Նա միշտ ուրախ է, համբերատար ու զիջող։ Դրանից բացի, նաեւ իմ անձնական խորհրդատուն է, իսկ ամենակարեւորը, նրա խորհուրդների շնորհիվ ես միշտ սթափ եմ գնահատում իրավիճակը։

Երբ ծնվեց Գուրգենը, ի՞նչ նվեր ստացաք ձեր ամուսնուց։

Նա ինձ ու որդուն դիմավորեց իմ բոյի սպիտակ վարդերի փունջով։

Ձեր երկրորդ հղիության մասին իմանալով, ինչպե՞ս արձանգքեց նա։

Ավելի հուզառատ, քանի որ արդեն գիտենք, թե որքան քաղցր ու երջանիկ զգացողություն է ծնող լինելը… Եւ այն մտքից, որ կրկին կզգանք դա, երկուսս էլ երջանիկ էինք։

Կարո՞ղ եք ձեր հարաբրություններն ինչ-որ մի արտահայտությամբ նկարագրել։

Պարտադիր չէ զուգահեռ նայել։ Կարեւորը՝ նույն ուղղությամբ ու ընդհանուր նպատակներին։