ԱՄՆ-ում 70 տարեկան հասակում դեկտեմբերի 2-ին մահացել է Rolling Stones բրիտանական խմբի սաքսոֆոնահար Բոբի Քիզը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Associated Press գործակալությանը, երաժիշտը երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է Ֆրանկլինի օկրուգի (Թենեսիի նահանգ) իր տանը:
«Rolling Stones-ը ցնցված է իր շատ թանկ ընկերոջ եւ լեգենդար սաքսոֆոնահար Բոբի Քիզի կորստից: Բոբին, սկսած 1960-ական թվականներից, բացառիկ երաժշտական ավանդ է ներդրել խմբի ստեղծագործության մեջ: Մենք միշտ կզգանք նրա պակասը»,- ասված է խմբի հայտարարության մեջ:
Բոբի Քիզը ծնվել է 1943 թվականի դեկտեմբերի 18-ին Տեխասի նահանգի Սլեյթոն քաղաքում: Իր կարիերայի ընթացքում հասցրել է նաեւ աշխատել այնպիսի երաժիշտների հետ, ինչպիսիք են Ջորջ Հարիսոնը, Էլվիս Պրեսլին, Ջոն Լենոնը, Ռինգո Սթարը եւ շատ ուրիշներ:
The Rolling Stones-ի ալբոմների ընդհանուր թվաքանակը, որոնք հասնում են գրեթե 30-ի (չհաշված համերգայինները), գերազանցել է 250 միլիոնը, ընդ որում 200 միլիոնը վաճառվել է ԱՄՆ-ում: 1989 թվականին խումբը մտել է ռոք-ն-ռոլի Փառքի սրահ, իսկ 2004 թվականին չորրորդ տեղն է զբաղեցրել Rolling Stone հանդեսի վարկածով բոլոր ժամանակների 50 մեծագույն կատարողների ցուցակում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: