Երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին հանրությանը կներկայացնի իր նոր՝ «LIVE-2014» ձայնասկավառակը: Դեկտեմբերի 7-ին անցկացվելիք շնորհանդեսը կնշանավորվի նաև արվեստագետի՝ տարվա եզրափակիչ համերգով:


«Մեցցո» երաժշտական ակումբում կայանալիք իրադարձությանը կներկայացվի Վահան Արծրունու կամերային ծրագիրը` ակուստիկ հնչողությամբ, մենակատարների և լարային քառյակի մասնակցությամբ:

 

Երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունինհամերգին ընդառաջ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց, որ ձայնասկավառակը հնարավոր կլինի բեռնել համացանցում:

 

«Ձայնասկավառակը ներառում է կենդանի կատարումներ համերգներից: Այն ներկայացնում է հանդիսատեսի կողմից առավել սիրված հին և նոր ստեղծագործություններ՝ երգեր և գործիքային պիեսներ: Ձայնասկավառակում կան արդեն հայտնի և սիրված գործեր, ինչպես նաև 3 գործիքային ստեղծագործություններ, որոնք առաջին անգամ են ձայնագրված տեսքով ներկայացվելու ունկնդրի դատին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Վահան Արծրունին՝ հավելելով, որ անհամբերությամբ է սպասում դեկտեմբերի 7-ին:

 

Արծրունու խոսքով՝ ինքը պատրաստվում է նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հանդես գալ մի շարք նախաձեռնություններով: «Կարծում եմ, որ բոլոր հայ երաժիշտներն այդ համատեքստում գործունություն են իրականացնելու: Երկու նախագիծ եմ պատրաստել՝ մեկը կամերային, իսկ մյուսը՝ սիմֆոնիկ նվագախմբի, ռոք խմբի և երգչախմբի համար: Սա շատ աշխատատար նախաձեռնություն է, և հուսով եմ, որ կիրականանա»,-նշեց նա: 


Վահան Արծրունին ստեղծագործում է երաժշտության բազմաթիվ ոլորտներում, հանդես է գալիս տարբեր համերգային ծրագրերով Հայաստանում և արտասահմանում, գ րում երաժշտություն կինոյի, թատրոնի և ակտուալ արվեստի ցուցադրությունների համար: 12 վավերագրական ֆիլմերի, 5 անիմացիոն ֆիլմերի, ներկայացումների, բալետի և այլ իրադարձությունների համար գրված երաժշտության հեղինակ է: Մի շարք ազգային և միջազգային մրցանակների դափնեկիր է: