Օրեր առաջ Երևանում ավարտվել են ռուսաստանաբնակ հայ երգիչ Արման Թովմասյանի նոր տեսահոլովակի նկարահանման աշխատաքները: «Եղել ես, կաս» լիրիկական երգի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է, խոսքերը գրել է Անահիտ Մխիթարյանը, գործիքավորումն արել է Մարտին Միրզոյանը:
Տեսահոլովակի նկարահանման աշխատանքները տևել են 2 օր: Ռեժիսորն Արեն Բայադյանն է, օպերատորը՝ Արտյոմ Աբովյանը:
«Կարծում եմ՝ ինչպես մյուս տեսահոլովակները, այնպես էլ սա դուր կգա Արմանի երկրպագուներին: Նկարահանումները շատ լավ են անցել: Հոլովակը գրեթե պատրաստ է, այժմ մոնտաժային վերջին աշխատանքներն են արվում: Պրեմիերայի օրը դեռ հստակ որոշված չէ, բայց շատ չի ուշանա»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Արման Թովմասյանի պրոդյուսեր Դավիթ Ազարյանը:
Դավթի փոխանցմամբ՝ նկարահանումներից անմիջապես հետո Արմանը մեկնել է Եվրոպա` համերգային շրջագայության:
Ներկայացրեց Մերի Պողոսյանը