Միացյալ Նահանգների Google ընկերությունը հայտարարել է Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մարդկանց համար «խելացի» գդալի (Liftware Spoon) վաճառքների մեկնարկի մասին: Սարքն այդ հիվանդությամբ տառապողներին թույլ կտա սնունդ ընդունել ինքնուրույն՝ չնայած ձեռքերի մկանների սաստիկ դողդողալուն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

Սարքի հավաքմամբ զբաղվում են Lift Labs նորաստեղծական բուժսարքավորանքների ընկերության ինժեներները, ընկերություն, որը Google-ը ձեռք է բերել սեպտեմբերին: Սնունդ ընդունելիս գդալի ցնցումը, հատուկ բռնակի շնորհիվ, կրճատվում Է 76 տոկոսով:     

Los Angeles Times թերթի տվյալներով՝ Lift Labs-ում մշակվում են նաև այլ սարքեր, մասնավորապես, դանակներ և հատուկ կցուրդ գրիչների համար:

 

Գդալի գինը, ընկերության տվյալներով՝ կազմում Է 295 դոլար:

Պարկինսոնի հիվանդությունը կենտրոնական նյարդային համակարգի հիվանդություն է, որը հանգեցնում է շարժողական գործառույթների աստիճանաբար սաստկացող խանգարման, ձեռքերի, գլխի դողի, քայլվածքի և շնչառության խանգարման: Այն անբուժելի է, սակայն ժամանակակից բուժումը թույլ է տալիս երկարացնել մարդու կյանքը և բարձրացնել դրա որակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: