Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ջեյհուն Օսմանլըն կպատժվի, որ համարձակվել է իրեն պատկանող թուրքական MADO ռեստորանում հնչեցնել ազգությամբ հայ աշխարհահռչակ երգչուհի Շերի (Շերիլին Սարգսյան) Believe երգը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է minval.az լրատվական կայքը:
Նշվում է, որ ադրբեջանցի պատգամավորից իշխանությունները պահանջում են փակել ռեստորանը եւ դադարեցնել բիզնեսը նաեւ նրա համար, որ համարվում է Թուրքիայի ղեկավարության կողմից թշնամի հայտարարված արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի շարժման (նուրսիստների) հետևորդ: Նրան ցանկանում են պատժել: MADO-ի ստվերային սեփականատեր Ջեյհուն Օսմանլըն Ադրբեջանի «Իրելի» երիտասարդական շարժման նախկին ղեկավարն է, որը գլխավորում է «ադրբեջանցի նուրսիստների» ցուցակը:
Թուրքիայում անցյալ դեկտեմբերի 17-ին իրագործված «Մեծ կոռուպցիոն գործողությունից» հետո, որը, ինչպես պնդում են թուրքական իշխանությունները, կազմակերպվել էր Գյուլենի շարժման կողմից իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության դեմ, Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ, ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դրա հետեւում կանգնած են Ֆեթուլլահ Գյուլենի գաղափարակից «գյուլենական համայնքի» հետևորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը: Էրդողանը հանձնարարել է փակել Թուրքիայում «գյուլենական համայնքին» պատկանող բոլոր կրթական, հասարական և բիզնես հաստատությունները, եւ հորդորել պաշտոնական Բաքվին` նույնն անել նաև Ադրբեջանում:
Vzglyad.az-ն ավելի վաղ հայտնել էր, որ Բաքվի MADO ռեստորանում հայի կատարմամբ երգ հնչելու իրողությունը «ցնցել» է հայատյաց ադրբեջանցիներին, որոնք աղմուկ են բարձրացրել համացանցում: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆազաիլ Աղամանլըն իշխանություններից պահանջել է պատժել Բաքվում թուրքական Mado ռեստորանի սեփականատիրոջը: Գերազանցելով իր վայրենի համաքաղաքացիների բարձրացրած վայնասունը, Աղամանլըն հայտարարել է. «Նման դեպքերում շատ կարեւոր է հասարակական կարծիքը: Այդ ռեստորանը պետք է տուգանվի: Մարդիկ պետք է բոյկոտեն այդ ռեստորանը եւ այնտեղ չմտնեն»:
Պատգամավորի խոսքով` «հայի կատարմամբ երգ հնչեցնելն ավելի վատ է, քան հայ լինելը»: Նա ասել է, որ այդ կերպ վնաս է հասցվում «Ադրբեջանի ազգային նկարագրին»:
«Ռեստորանի սեփականատերերը չպետք է մոռանան, որ գործում են Ադրբեջանում եւ նման պահվածքը կարող է լուրջ պատժամիջոցների բերել», -հայտարարել է Աղամանլըն: