Հայտնի հումորիստ, հաղորդավար, սիրված երգիչ Արամ MP3-ի գրաֆիկը հագեցած է իրադարձություններով: «Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան պատվիրակն ակտիվորեն աշխատում է՝ նոր երգեր է ձայնագրում, մենահամերգներ կազմակերպում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արամ MP3-ը նշեց, որ նոյեմբերի 13-ին և 18-ին երկար դադարից հետո մենահամերգով հանդես կգա Վիտամին ակումբում: «Արդեն մեկ ամսից ավելի փորձեր ենք անում: Պատրաստ ենք ներկայացնել նոր երգեր, ինչպես նաև իմ հին երգերից, դեռ մտածում եմ նոր երգը՝ «Help»-ը, կատարե՞մ մինչև տեսահոլովակի պրեմիերան, թե՞ ոչ: Բայց երևի թե կերգեմ այն, և անակնկալ կմատուցեմ՝ երգն առաջին անգամ մենահամերգին ներկայացնելով»,-նշեց երգիչը:


Արամ MP3-ը վստահեցրեց, որ մենահամերգին, միանշանակ, կհնչեն նոր կատարումներ, ինչպես նաև սիրված կատարումներ: «Կփորձեմ մաքսիմալ լավ տրամադրություն հաղորդել մասնակիցներին: Նույն ծրագրով համերգ կլինի նաև նոյեմբերի 18-ին: Ինչպես և հանդիսատեսը, ես էլ բավականին շատ եմ սպասել մենահամերգին»,-հավելեց երգիչը:

 

Խոսելով իր նոր՝ «Help» երգի տեսահոլովակի մասին՝ երգիչը նշեց, որ այն պետք է ներկայացվեր դեռևս նոյեմբերի 11-ին: «Երկար աշխատել էինք, սակայն տեխնիկական խնդիրներ առաջացան, որոնք անհնար էր կանխատեսել՝ խոսքը վերաբերում է համակարգչային անիմացիային, այդ պատճառով պրեմիերայի օրը հետաձգվեց, բայց այն, որ տեսահոլովակն այս ամիս կներկայացվի հանրությանը, միանշանակ է»,-վստահեցրեց երգիչը:

 

Առաջիկայում  Արամ MP3-ը շարունակելու է նոր երգեր և տեսահոլովակներ ներկայացնել, ինչպես նաև աշխատելու է իր նոր ձայնասկավառակի ստեղծման վրա:

 

«Արդեն գալիք տարի կլինեն մենահամերգներ ոչմիայն Երևանում, այլև Հայաստանում և երկրից դուրս: Ձայնասկավառակն էլ նախատեսում ենք ներկայացնել մինչև տարեվերջ, և կարծես թե տեղավորվում ենք ժամկետներում: 10-ից ավելի երգ կլինի, իսկ որպես խորագիր մի քանի տարբերակ ունենք»,-հավելեց երգիչը: