Այս տարի ԳԱԱ կառավարման բաժին ընդունված դերասանուհի Անի Երանյանն այժմ նկարահանվում է «Ֆուլ հաուս» հումորային նախագծում, որը նրան նորովի ներկայանալու հնարավորություն է տալիս:

 

«Այս առաջարկն ընդունեցի, քանի որ ինձ էլ էր հետաքրքիր՝ ինչպես կարող եմ ինձ դրսևորել այս նախագծում»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Անին ու հավելեց, որ սցենարը շատ լավն է:

 

 

«Ես համոզված էի, որ նախագիծը հաջողություն կունենա, քանի որ դերասանական կազմում ընդգրկված են մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր կայուն լսարանը: Ինձ համար նաև շատ կարևոր է, որ այստեղ ներկայացված հումորը գռեհիկ և փողոցային չէ: Արձագանքներից հասկանում եմ, որ մեր սպասելիքներն արդարացել են, հասարակությունը շատ է սիրում «Ֆուլ հաուսը»»,- ասաց Անին:

 

Դերասանուհին շեշտեց, որ սիրում  ու կարևորում է նոր անձնակազմի, ռեժիսորի հետ աշխատելը, քանի որ մասնագիտական առումով դա աճելու հնարավորություն է տալիս:

 

 

Անին նպատակասլաց գնում է այն ուղղությամբ, որ լսարանի մոտ կոտրվի իր «լացող աղջկա» կերպարը, ավելին, նա այժմ հրաժարվում է բոլոր առաջարկներից, որտեղ պետք է մարմնավորի տխուր կեպարների: «Չեմ ուզում տպավորություն լինի, թե Անին Երանյանը կարողանում է միայն լացել,- ասաց նա և հավելեց,- Էստեղ էլ եմ ես մի քիչ համեստ, բայց ժամանակի ընթացքում կկոտրենք դա, իհարկե, սցենարիստի հետ համատեղ՝ թույլատրելի սահմաններում, քանի որ կերպարս խելոք, դասիարակված աղջիկ է»:

 

Վերջերս Անին ներկայացավ նաև որպես ռեժիսոր՝ նկարահանելով Նանայի և Սարոյի «Կարոտ» երգի տեսահոլովակը: Դերասանուհին նշեց, որ այդ համագործակցությունը պատահաբար է ստացվել և այժմ չի կարող ասել՝ հնարավո՞ր է հետագայում ներկայանա որպես ռեժիսոր, թե՝ ոչ:

 

 

Ռեժիսորի մասնագիտական կրթություն ստանալ Անին չի պատրաստվում, քանի որ պրակտիկան ավելի արժեքավոր է: «Ես առօրյայում կարդում եմ, սովորում, ուսումնասիրում արտերկրում աշխատելու փորձը: Փառք Աստծո, ունեմ շատ լավ ընկերներ, ովքեր խորհուրդներ են տալիս: Ռեժիսոր Ելենա Արշակյանից եմ շատ բան սովորել»,- ասաց նա և հավելեց, որ տեսահոլովակը նկարահանելիս  հաշվի առել նաև այն, թե ինչպես է  ռեժիսորն աշխատում իր հետ:


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը