Երգչուհի Քրիստինե Պեպելյանի մոտ աշխատանքային բուռն շրջան է: Օրերս նա նոր տեսահոլովակ է նկարահանել իր և «Հայաստանի ձայնը» նախագծում իր խմբում ընդգրկված Արամ Գինոսյանի հետ զուգերգի հիման վրա:

 

Երգչուհին նրան զուգերգ էր խոստացել, երբ վերջինիս դուրս թողեց իր թիմից: «Երբ ես մի բան խոստանում եմ, անպայման անում եմ դա, քանի որ չեմ խոստանում մի բան, որը վեր է իմ ուժերից:

 

Սա ոչ միայն վեր չէր իմ ուժերից, այլև կարծում  եմ՝ շատ կարևոր էր: Արամը պետք է զգա, որ իր կողքին կա մարդ, ով իրեն կօգնի ճանապարհի սկզբին,- ասաց Քրիստինեն և հավելեց,- շատ կարևոր է, որ գործունեությանդ սկզբում կողքիդ լինեն մարդիկ, ովքեր կխրախուսեն, կօգնեն քեզ»: Ըստ երգչուհու՝ փորձում է օգտակար լինել նաև նախագծի մյուս մասնակիցներին, որոնց հետ մինչ օրս կապի մեջ է:

 

 

«Սերը կա» կոչվող երգի երաժշտության հեղինակը Քրիստինեն է, խոսքերը գրել է Անահիտ Մխիթարյանը: «Ես հեղինակային շատ երգեր ունեմ, սակայն միշտ չէ, որ պատրաստ եմ մասսայականացնել դրանք: Ես ինձ չեմ համարում ստեղծագործող երաժիշտ, սակայն մեր աշխատանքն այնպիսին է որ միշտ էլ լինում են ստեղծագործական պրոցեսներ: Կարծում եմ՝ ամեն երգիչ էլ ունի իր հեղինակային երգերը, անգամ, եթե դրանք չի ներկայացնում հասարակությանը»,- ասաց երգչուհին:

 

 

Նրա խոսքով՝ իր հեղինակային երգի ընտրությունը պատահաբար է ստացվել, իսկ գաղտնիքը բացահայտել է ռեժիսոր Սյոմա Կոդաբաշյանը:) «Շատ հեղինակների էինք ասել, որ դուետային երգ ենք փնտրում: Ես ու Սյոման քննարկում էինք, թե ինչ երգ ենք ուզում: Ես ցույց տվեցի այս երգը, որը կար հեռախոսիս մեջ և ասացի, որ այսպիսի երգ եմ ուզում, սակայն չասացի, որ հեղինակը ես եմ: Սյոման պնդեց, որ ես ու Արամը հենց սա կատարենք ու հարցրեց, թե ով է հեղինակը: Չկարողացա թեման երկար շեղել :)»,- պատմեց Քրիստինեն ու հավելեց, որ թեև ամեն բան ակամա է եղել, ինքն ուրախ է, որ այսպես ստացվեց:

 

 

Տեսահոլովակի ռեժիսորը Սյոմա Կոդաբաշյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը: Քրիստինեի փոխանցմամբ՝ նկարահանումները շատ լավ են անցել, ինքը շատ գոհ է: Երգչուհին նշեց, որ առաջին անգամ էր աշխատում  Սյոմայի և Սուրենի  հետ, չնայած երկար տարիների ընկերներ են:

 

«Տեսահոլովակը սյուժետային գիծ չունի, բայց կարծում եմ՝ հետաքրքիր է որպես դուետային համադրություն: Ներկայացված են 2 տարբեր սերնդի ներկայացուցիչներ: Չնայած՝ ինձ շատ մեծ չեմ համարում, ամեն դեպքում իմ ու Արամի միջև  սերունդների տարբերություն կա, որովհետև նա դեռ  դպրոցական է»,- հայտնեց երգչուհին՝ ավելացնելով, որ երկու կերպարով է ներկայացել:

 

 

Քրիստինեի աշխատանքային գործունեությունն այսքանով չի սահմանափակվում: Այս տարի բավականին շատ աշխատած երգչուհին առաջիկայում ևս երկու տեսահոլովակ կնկարահանի, սակայն հանդիսատեսի դատին կներկայացնի 2015-ի սկզբին:

 

«Այնքան երգ ունեմ, որոնց հիման վրա ուզում եմ տեսահոլովակ նկարահանել, որ չգիտեմ՝ որ մեկն անեմ:) Անելիքներս շատ-շատ են»,- եզրափակեց նա:

 

 

 

 

 

 


Հաջողություններ մաղթեց Ամալյա Հովհաննիսյանը