Աշնանը հայկական կինոդարանը կհամալրվի ևս մի քանի նոր ֆիլմերով: «Խաղ իմ կանոններով» ֆիլմի պրոդյուսեր և դերասան Հայկ Ավագյանը ESem.am-ին հայտնել է, որ ևս մեկ ֆիլմ են նկարահանել: Հայկի խոսքով՝ «Ճամբարում» կոչվող ֆիլմը մանկապատանեկան է. հերոսները 21-րդ դարի երեխաներ են, ովքեր հայտնվում են ճամբարում, ուր գործում են բավականին խիստ կանոններ:

 

 

«Ֆիլմը հիմնված է այս հակասության վրա, այն ունի դաստիարակչական բնույթ և վերաբերում է մեր պատանիներին: Քանի որ մենք անկախացումից հետո չենք ունեցել մանկապատանեկան ֆիլմ, մտածեցի, որ պետք է լրացնել այդ բացը: Այս նախագիծը  կոմերցիոն չէ, բայց կարծում եմ՝ շատ հետաքրքիր կլինի պատանիների համար, քանի որ արկածային է»,- ասաց պրոդյուսերը, ով այս անգամ հանդես է եկել նաև որպես սցենարի համահեղինակ, սցենարի մյուս հեղինակը Կարլն է:

 

 

Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Լալա Մնացականյանը, Ռուբեն Կարապետյանը, Արթուր Հակոբյանը, Գագիկ Մադոյանը, Մանուկ Հախվերդյանը, երգչուհի Դալիթան, Սոֆի Դևոյան կրտսերը, պատանի երգիչներ Կարեն Օհանյանը, Էմիլ Կիրակոսյանը և այլք: Հայկի խոսքով՝ պատանիների դերում ոչ դերասանների ներգրավելու կապակցությամբ մտավախություններ չի ունեցել, քանի որ երգիչ-երգչուհիները տեսախցիկի հետ աշխատելու փորձ ունեն, ինչը շատ կարևոր է: Բացի այդ, ըստ Հայկի, այստեղ էական դեր է ունեցել նաև ռեժիսորը՝ Աշոտ Հակոբյանը, ով երեխաների հետ աշխատելու փորձ ուներ: «Երեխաների հետ աշխատելը հոգեբանություն է և շատ կարևոր էր, որ ռեժիսորը տիրապետի դրան»,- ասաց նա և կարևորեց նաև օպերատորի՝ Վահե Տերտերյանի աշխատանքը: Պրոդյուսերի փոխանցմամբ՝ այդ մեծ աշխատանքը տեսանելի կլինի լսարանի համար:

 

 

Հայկի խոսքով՝ ֆիլմի պրեմիերան կկայանա աշնանը: Նկարահանումներն արդեն ավարտվել են, այժմ այն մոնտաժային փուլում է:

Նկարահանումները կայացել են  Հանքավանի ճամբարում:  Դրանք տևել են 18 օր: Ստեղծագործական խումբը՝ մոտ 70 մարդ, 20 օր անցկացրել է այնտեղ:  Ըստ Հայկի՝ միասին ճանապարհ գնալն ու ապրելը օգնել են նկարահանմանը, քանի որ ստեղծագործական թիմն ավելի մտերիմ ու միասնական է դարձել: «Մի խոսք կա՝ մարդուն ճանաչելու համար պետք է ճանապարհ գնաս հետը: Այս դեպքում դա շատ դրական ազդեցություն ունեցավ»,- ասաց նա ու հավելեց, որ ֆիլմի բյուջեն բավականին մեծ է, սակայն չցանկացավ մանրամասնել, թե որքան է կազմում այն:

 

 

 


Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը