Ամենամեծ երաժշտական փառատոններից մեկը տեղի կունենա օգոստոսի 15-ին և 16-ին Գետամեջ գյուղում, որը նպատակ ունի երկօրյա ռոք-փառատոնի միջոցով միջոցներ հավաքել` տեղի միակ դպրոցը վերանորոգելու համար: Ստացված ամբողջ հասույթը կտրամադրվի դպրոցին`մասնավորապես պատուհանների վերանորոգմանը: Նախաձեռնողներն են «The beautified Project» խմբի ռոք մենակատար Անդրե Սիմոնյանը, ինչպես նաև կազմակերպիչներ Սարո Հասասյանը և Անահիտ Գալստյանը:


Համերգն ընդհանուր տևելու է 30 ժամ, որը նպատակ ունի կատարել սոցիալական բարեփոխումներ արվեստի միջոցով, և կենդանի երաժշտությունը լսելի դարձնել բոլորին: «Միջոցառումը տեղի է ունեցել նաև անցած տարի, որն իր շուրջ համախմբել էր մոտ 350 մարդու,թեպետ գովազդվել է համերգից 4 օր առաջ, իսկ այս տարի մենք ակնկալում ենք շուրջ 1000 մարդու ներկայություն:


Բարեգործական համերգի գաղափարն առաջարկվել է Հասասյան ընտանիքի կողմից, քանի որ հենց ինքը Հասասյանը սովորել է Գետամեջի այդ դպրոցում և քաջածանոթ է պայմաններին: Լինելու են վրաններ, ուտեստներ, ոգելից խմիչք,մի խոսքով ամեն բան` հանգիստը լավ կազմակերպելու համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց ռոք խմբի մենակատար Անդրե Սիմոնյանը:


«The beautified Project» խմբից բացի, համերգին կմասնակցեն X-FACTOR և The Voice նախագծերի որոշ մասնակիցներ, ինչպես նաև մոտ 10 ակումբային խմբեր: Տոմսերը վաճառվում են Փարպեցի փողոցում գտնվող 3 վայրերում, նաև կարող են պատվիրել Facebook-ի և Twitter-ի միջոցով: