ESem.am-ը տեղեկացրել է, որ երգիչ Նարեկ Բավեյանի բանկային հաշիվները կալանքի տակ են առնվել: Նարեկն ասել էր, որ հաշիվները սառեցնելու իրական պատճառն իմանալուն պես կտեղեկացնի մեզ: Խոստմանը համաձայն` երգիչը որոշ մանրամասներ հաղորդեց:

 

 

«Ինչպես նախորդ անգամ ասել էի, բանկի աշխատակիցն ինձ զանգահարել էր ու տեղեկացրել, որ տվյալ բանկում իմ ունեցած երկու հաշվեհամարը կալանքի տակ է: Երբ ես հետաքրքրվեցի, թե ի՞նչն է պատճառը, նա ասաց, որ փաստաթղթերով ներկայանամ բանկ, տեղում ամեն բան կասեն: Հետևելով նրա ցուցումին՝ գնացի բանկ, որտեղից ինձ ուղարկեցին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության գրասենյակ: Այնտեղ արդեն տեղեկացա, որ դեռ երկու տարի առաջ ճանապարհատրանսպորտային խախտման չվճարված ակտ ունեմ: Բանկի աշխատակիցն ինձ սխալ էր ծանուցել, հաշիվս ամբողջությամբ չէր սառեցվել, այլ մասնակի` միայն չվճարած տուգանքի գումար չափով»,- ESem.am-ին ասաց Նարեկը:

 

 

Պարզվում է՝ դա եղել է երգչի նախորդ՝ Honda մակնիշի մեքենայի խախտման ակտն է: «Խախտման համար պետք է վճարեի 5000 դրամ, իսկ այժմ ենթակա է վճարման 10.000 դրամ, բուն ակտի գումարին ավելացել է ԴԱՀԿ ծառայության գումարը: Դուրս է գալիս, որ ոստիկանության համապատասխան բաժնի ոչ պատշաճ աշխատանքի պատճառով, ես ստիպաված 5000 դրամ ավել գումար եմ վճարում, չհաշված անիմաստ ծախսած ժամանակս: Քանի օր իմ բանուգործը թողած, ընկել էի բանկերի ու հարկադիրի դռները, այնինչ, եթե իրենք բարի լինեին ու մեկ անգամ էլ տեղեկացնեին, որ չվճարած ակտ ունեմ, ես այդ հարցն ընդամենը 10 րեպեում կլուծեի՝ մոտենալով մոտակա բանկ»,- սրտնեղած ասաց երգիչը:

Ըստ Նարեկի` ակտ ունենալու մասին տեղյակ չի եղել. պատճառը, հավանաբար. քաղաքից բացակայելը կամ այլ լուրջ խնդիրներն են եղել: «Ինչ է, չի՞ կարելի երկրորդ անգամ նախազգուշացնող նամակ ուղարկել, նման խնդիրներից խուսափելու համար»,- ավելացրեց նա:


Ներկայացրեց Մերի Պողոսյանը