Երիտասարդ դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը շատերի պես ասաց «Այո» սիրուն և «Ոչ» անտարբերությանը, քանի որ առաջինը մեծագույն պարգև է, երկրորդը` մեծագույն չարիք: Սակայն նրան խնդրեցինք նշել այլ երևույթներ, քանի որ սրանք չափազանց շատ են հնչել հայտնիների կողմից: Դերասանուհին էլ առանց վարանելու առանձնացրեց իր համար ընդունելի և մերժելի երևույթները, որոնք այժմ համարում է հրատապ:

 

 

Ասում է` «Այո´» 

Շատ լավ է, որ սկսվել են թատերական փառատոնները: Դա նշանակում է, որ արվեստը զարգանում է Հայաստանում: Նոր ներկայացումներ են բեմադրվում, մի շարք պրեմիերաներ են լինում: Անկախ ամեն ինչից` արվեստն ու մշակույթը զարգանում են: Մարդիկ գալիս են թատրոն` իրենց հետ բերելով նաև երեխաներին, ինչը շատ գովելի է: Ասում եմ` Այո° արվեստի զարգացմանը:

Ասում եմ` ԱՅՈ´, երեխա ունենալուն, քանի որ նրանք մեր և մեր ազգի շարունակությունն են` ապագա ուժեղ զինվորներն ու հոգատար մայրերը: Բացի այդ, երեխայի ծնունդը բարիացնում է մարդուն, քանի որ այն երջանկություն և դրական էներգիա է բերում ընտանիք:

Ասում եմ` ԱՅՈ´ յուրահատուկ լինելուն, քանի որ յուրաքանչյուր ոք պետք է ունենա իր դեմքը, լինի, առանձնահատուկ և չտրվի ընդհանուր հոսանքին: Երբ մարդիկ տարբերվող են իրենց մտածելակերպով, նրանց հետ շփումն էլ է հետաքրքիր դառնում:

 

 

Ասում է` «Ո´Չ»

Ասում եմ` Ո´չ կոռուպցիային, քանի որ մեր խնդիրների մեծ մասը պայմանավորված են կոռուպցիայով, այդ թվում` արտագաղթը: Հուսով եմ` նոր ձևավորված կառավարությունը կվերացնի այդ խնդիրները:

Ասում եմ` Ո´չ, երբ մարդն զբաղված չէ իր գործով: Ինձ համար անընդունելի է, որ մարդը տեղյակ չէ իր ոլորտից, չունի մասնագիտական կրթություն, սակայն զբաղվում է այդ գործով: Երեք հարյուրից մեկը կարող է ունենալ բնատուր տաղանդ, սակայն հիմա չկան Մհեր Մկրտչյանի պես դերասաններ: Կարծում եմ` ամեն մարդ պետք է զբաղվի իր գործով, իսկ եթե ուզում է լինի ինչ-որ ասպարեզում, պետք է գոնե մասնագիտանա, հակառակ դեպքում նա նեղացնում է այն մարդուն, ով մասնագիտացել է:

Ասում եմ` Ո´չ պատերազմներին: Պատերազմով հարցեր չեն լուծվում: Դոստոևսկին ասել է` «Եթե պատերազմի ընթացքում թեկուզ մեկ երեխայի արցունք է հոսում, ուրեմն զուր է այդ պատերազմը, իսկ դրանք միայն չարիք, տառապանք և արցունք են բերում»:

Ասում եմ` Ո´չ կենսաթոշակային պարտադիր համակարգին: Կարծում եմ` դա  պետք է ընտրովի լինի: Յուրաքանչյուր ոք ինքը պետք է որոշի` ուզո՞ւմ է տալ այդ հինգ տոկոսը, թե՞ ոչ, ուզո՞ւմ է քսան տարի անց լավ թոշակ ստանալ, թե՞ ոչ: Մենք այնպիսի պայմաններում և այնպիսի երկրում ենք ապրում, որ չգիտենք` վաղը, մյուս օրը ի՞նչ կլինի:


Անահիտի հետ «Այո»-ն «Ոչ»-ից տարանջատեց Ամալյա Հովհաննիսյանը