Գլենդելի կենտրոնական գրադարանը Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավազե ամրոցի աղջիկները» գիրքն ընտրել է «One Book/One City» նախագծի շրջանակում բաց ընթերցանության համար: Ինչպես հաղորդում է Glendale News-Press պարբերականը, Քրիս Բոհջալյանն ամերիկահայ առաջին հեղինակն է, ում գործը կընթերցվի միջոցառմանը, որը տեղի կունենա փետրվարի 27-ին Գլենդելի կենտրոնական գրադարանում:
Որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածի ժառանգ «Նյու Յորք Թայմս»-ի ամենաշատ վաճառված գրքերից մեկի հեղինակը պարզել է, որ հայ ժողովրդին բնորոշ առաձգականությունը նաև արյան մեջ է: «Ես Հայոց ցեղասպանությունը վերապրածի թոռ եմ, ուստի այս պատմությունը միշտ կարևոր է եղել ինձ համար: «Ավազե ամրոցի աղջիկները» գրելն ինձ օգնեց բացահատել իմ ԴՆԹ-ի մասը, որը խիստ հայկական է»,- նշել է Բոհջալյանը:
Քրիս Բոհջալյանը հեղինակել է 15 վեպ: Նրա չորս հատորները և «Ավազե ամրոցի աղջիկները» վեպը «Նյու Յորք Թայմս»-ի ամենաշատ վաճառված գրքերի ցուցակում են եղել: «Ավազե ամրոցի աղջիկները» գրքի շնորհանդեսը տեղի է ունեցել 2013թ. հուլիս 17-ին՝ Լոս Անջելեսում՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ: Ամերիկյան մի շարք պարբերականների կողմից գիրքն արժանացել է բարձր գնահատականի: