1990-ական թվականները բավական ծաղկուն շրջան էր հայկական շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչների համար, որոնցից շատերի անունն այսօր հնչում է միայն ակումբային բեմերից… Այսօր Life.Panorama.am-ի հյուրը գեղեցիկ ու կրքոտ երգչուհի Լիլիթ Կարապետյանն է, ում, միայն տեսնելու համար, մարդիկ պատրաստ էին համերգի տոմս ձեռք բերել ցանկացած գնով… Ինչպես են անցել տարիները երգչուհու կողքով, ինչ ձեռքբերումներ և կորուստներ է ունեցել այս ընթացքում և ինչու այդպես էլ չամուսնացած՝ բաժանվեց երգիչ Դավիթ Թուջարյանից, կմանրամասնի հենց երգչուհին…

 

-Լիլիթ, ասացիք, որ ձայնագրման ստուդիայում եք: Արդյոք նոր երգ եք պատրաստում:

-Այո, այս տարի երկու նոր երգ եմ ձայնագրել և հիմա վերջնական աշխատանքներն ենք կատարում: Ամանորից հետո երգերից մեկի հիման վրա տեսահոլովակ կնկարահանեմ, բայց ոչ Հայաստանում: Մյուս երգը տեսահոլովակ կունենա ամռանը, քանի որ տաք եղանակային պայմաններ են անհրաժեշտ:

 

-Փաստորեն, 2014 թվականը ձեզ համար ակտիվ տարի է լինելու:

-2013-ն էլ քիչ թե շատ ակտիվ էր, պարզապես հաջորդ տարի ժողովուրդն էլ աշխատանքս գնահատելու հնարավորություն կունենա…

 

-Ի՞նչ թեմատիկայով երգեր են:

-Առաջինը շատ դրական, գեղեցիկ, վառ սիրո մասին է, լսողի մոտ ակամա սիրելու ցանկություն կառաջանա: Մյուս երգը կոչվում է «Թող ապրեմ»…

 

-Արդյոք երկրորդ երգը որևէ մեկին է նվիրված:

-… Այս երգի բառերն ու գործիքավորումը դեռևս 2008-09 թվականներին արդեն գրված էր, իսկ այդ ժամանակ ինձ մոտ ամեն ինչ շատ լավ էր ու հրաշալի…

 

-Տևական դադար «հայտարարեցիք» երգարվեստում: Ինչո՞վ էր պայմանավորված:

-Նախ, եղբորս կորստից հետո դժվար էր… Այնուհետև թիմային տարանջատումներ եղան. եթե իրենց »թիմից» էիր՝ առաջ կգնայիր, եթե ոչ՝ ցտեսություն… Ես այն երգչուհիներից եմ, ով, փառք Աստծո, արտաքին քիչ թե շատ տվյալներ ունի, խոսքի կուլտուրա, բեմական պահվածք, և, ամենակարևորը, ձայն, որով մաքուր էստրադա եմ քարոզում, այդ ասպարեզում առաջիններից եմ… Բայց ժամանակին մեզ՝ «Արձագանքցիներիս», ամեն կերպ դուրս մղեցին…

 

-Տարածված կարծիք կա, որ հաջողությունների հասնելու համար պետք է «որոշակի ճանապարհ» անցնել…

-Հասկանում եմ, ինչի մասին եք խոսում… Ես այդ ճանապարհով չեմ անցել, և ուր գնում եմ, պարզ ու հպարտ ճակատով եմ մտնում… Գիտե՞ք, դա որ դեպքերին է վերաբերում. երբ մարդը այնքան էլ չի տիրապետում իր մասնագիտությանը ու, ինքնըստինքյան այդ ճանապարհով է գնում: Բոլոր բնագավառներում է այդպես, դա էություն է…

 

-Այժմ որտե՞ղ եք աշխատում:

-Արդեն 13 տարի է՝ գիշերային ակումբում եմ աշխատում:

 

-Հավանաբար, տհաճ միջադեպերից զերծ չեք…

-Կամաց-կամաց ադապտացվում ես, հասկանում՝ երբ և ինչպես քեզ պահես, որ տհաճ իրավիճակներց խուսափես…

 

-Վերջերս շատ էին խոսում ձեր և Դավիթ Թուջարյանի բաժանման մասին: Հիմա ինչպե՞ս եք ձեզ զգում:

-Հիմա ինձ շատ լավ եմ զգում ու հասկանում եմ, որ իսկապես իզուր չէ, որ միշտ մասնագիտությունս ամեն ինչից վեր եմ դասել… Նույնն արեցի և այս անգամ… Չգիտեմ, կարծում եմ ճիշտ եմ վարվել… Ինձ համար առաջնային տեղում երգարվեստն է, բնականաբար նաև որդիս, մայրս ու ընկերներս…

 

Շարունակությունը՝ այստեղ: