Գերմանացի Վալենտին Գրուները փրկել է Սիրգա անունով առյուծի ձագի կյանքն ու այդ օրվանից նրանք անբաժան են։ Բրիտանական The Telegraph պարբերականը հետաքրքիր ֆոտոշարք է ներկայացրել՝ առաջին հայացքից անհնար թվացող մարդ-առյուծ ներդաշնակ փոխհարաբերությունների ու նրանց ընկերության վերաբերյալ։

Սիրգա անունով էգ առյուծը, որն արդեն մեծացել ու կշռում է 50 կգ, շատ լավ է զգում իրեն Վալենտինի ու նրա ընկերոջ՝ դանիացի Միկել Լևարտի խնամքի ներքո։

Վալենտինն ու Միկելն աֆրիկյան պետություններից մեկում՝ Բոթսվանայում, մասնակցում են Modisa Wildlife Project ծրագրին, որի շրջանակներում փորձ է արվում պաշտպանել առյուծներին մարդկանցից, ավելացնել նրանց թվաքանակը։

Գյուղատնտեսության զարգացման հետևանքով այս գիշատիչների տարածքը կրճատվում է, ինչն էլ հանգեցնում է մարդկանց ու առյուծների միջև կոնֆլիկտների ավելացմանը։

Վալենտինն ու Modisa Wildlife Project-ի մյուս մասնակիցներն առյուծներին վերաբնակեցնում են գուղատնտեսական հողերից հնարավորինս հեռու, որպեսզի մարդկանց ու կենդանիների «ճակատագրական» հանդիպումները հնարավորինս քիչ լինեն։

Վալենտինը պատմել է, որ իրեն ու Սիրգային միավորում են սիրո ու ընկերության զգացմունքները և որ ինքն իրեն առյուծների խմբի անդամ է զգում։

Նա պատմել է, որ հանդիպել է դեռևս ձագուկ Սիրգային, երբ որսորդները սպանել են նրա ծնողներին, ու առյուծը լքված ու սոված է եղել։ 2 ընկերներն այդ օրվանից հոգում են գիշատչի մասին, որն էլ փոխադարձ սիրով է պատասխանում նրանց։

«Սիրգան նման չէ այն առյուծներին, որոնք պահվում են անազատության պայմաններում։ Նա ինքնուրույն է որսի գնում, բռնում գոմեշներ ու եղնիկներ, իսկ սնվելու ժամանակ, ի նշան ընկերության, թույլ է տալիս, որպեսզի մենք մոտ նստենք»,-պատմել է Միկելը։