Երգիչներ Մարտին Մկրտչյանի և Հռիփսիմե Հակոբյանի ամուսնությունն այս տարվա ամենաքննարկվող թեմաներից մեկն էր: Ընթերցողները մեծ հետաքրքրությամբ հետևեցին զույգի միությանը, ինչից անմիջապես հետո սկսվեցին Հռիփսիմեի հղիության մասին քննարկումները:

Այս ընթացքում երգչուհին հաճախ է լինում մանկական խանութներում, ինչն էլ, հավանաբար, խոսակցությունների նոր թափ առնելու առիթ է դարձել. «Մանկական խանութներում հաճախ կարող են տեսնել ինձ, քանի որ քույրիկս բալիկ է ունեցել: Առավոտից երեկո մանկական խանութներում եմ լինում և նվերներ եմ ընտրում նրա համար, սակայն չեմ կարծում, թե դա է պատճառը, քանի որ հարսանիքի օրվանից բոլորն իմ հղիության մասին են խոսում: Ես չէի ուզում այս թեմայով կոնկրետ պատասխան տալ, որպեսզի մարդիկ իրենք իրենցով հասկանային, սակայն որոշեցի պարզաբանել, քանի որ մինչև հիմա շարունակվում են այդ խոսակցությունները: Դեռևս չենք սպասում բալիկի»:

Հռիփսիմեն նշեց, որ չեն պլանավորում առաջիկայում երեխա ունենալ կամ ոչ. «Կարծում եմ' դա այնպիսի բան չէ, որը պետք է ծրագրվի: Թե դա երբ կլինի, ժամանակը ցույց կտա»: Ըստ Հռիփսիմեի' ընտանիքի ամրությունն ու ամբողջությունը միայն երեխայի ծնունդով չի պայմանավորված: «Կարծում եմ' առաջնայինը զույգի' մի հոգի, մի մարմին դառնալն է: Ինչ խոսք, երեխան այդ ամենը լրացնողն է, սակայն ընտանիքը մինչև երեխայի ծնունդը պետք է ամուր հիմք ունենա: Ես չեմ ընդունում, երբ մարդկանց միությունն ուղղակի է լինում, այնուհետև երեխան է նրանց ընտանիք դարձնում: Մարդիկ ընտանիք են դառնում այն ժամանակ, երբ եկեղեցում իրար խոստում են տալիս: Երեխան է՛լ ավելի մեծ երջանկություն է բերում զույգին»,- ասաց Հռիփսիմեն:

Երգչուհին նշեց, որ ամուսնությունից հետո իր կյանքը չի փոխվել. «Կյանքս ինչպես որ լավ եղել է, այնպես էլ լավ շարունակվում է: Պարզապես հիմա է՛լ ավելի է հետաքրքրացել: Գլոբալ փոփոխություն չի եղել: Փոփոխությունն այն է, որ հիմա մի հարկի տակ եմ ապրում սիրելիիս հետ ու նրա հետ կենցաղ եմ կիսում»:
Հռիփսիմեն ամուսնությունից հետո էլ շարունակում է աշխատել. ամուսնությունը խաչ չի քաշի երգչուհու կարեիրայի վա: Այս շրջանում երգչուհին զբաղված է նոր երգերի ձայնագրմամբ, որոնք կներկայացնի առաջիկայում: «Ընտանիքն ու կարիերան բացարձակ կապ չունեն և չեն կարող խանգարել իրար»,- եզրափակեց Հռիփսիմեն:

 

Երջանկություն եմ մաղթում:) Ամալյա Հովհաննիսյանը