Ջրվեժները բնության իրական հրաշքներ են։ Բավական է մեկ անգամ տեսնել, թե ինչպես է ջուրն արագորեն թափվում ժայռի բարձունքից, և դուք երբեք չեք մոռանա այդ տեսարանը։ Աշունը հիանալի ժամանակաշրջան է դեպի ջրվեժներ ճանապարհորդությունների համար, այդ շրջանում դրանք ջրառատ են և առավել գեղեցիկ։ Luxlux.net-ը ներկայացնում է աշխարհի ամենագրավիչ լավագույն հինգ ջրվեժները։

 

Իգուասուի ջրվեժներն ընդգրկված են նոր «Բնության յոթ հրաշալիքների» կոչման թեկնածուների ցուցակում։ Դա ջրվեժների համալիր է, որոնք գտնվում են Իգուասու գետի վրա։ Գետի վրայով է անցնում Բրազիլիայի և Արգենտինայի սահմանը։ Իգուասու համալիրում ընդգրկված է մոտ 270 առանձին ջրվեժ, որոնցից ամենամեծը «Սատանայի կոկորդն» է։ Այս գեղեցիկ ջրվեժները միմյանցից բաժանված են բազմաթիվ կղզյակներով, որոնց վրա կարելի է հայտնվել հատուկ կամուրջների միջոցով։ Իգուասուի ջրվեժների վրա են գտնվում բրազիլական և արգենտինական ազգային պուրակները, որոնք գրանցված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում։

Գյուդլֆոսն աշխարհի ամենահայտնի և ամենագեղեցիկ ջրվեժներից մեկն է, գտնվում է Իսլանդիայում։ Ջրվեժի անվանումն իսլանդերենից թարգմանաբար նշանակում է «ոսկե ջրվեժ»։ Գյուդլֆոսը համեմատաբար ցածր է։ Հատկանշական է, որ ջրվեժը գտնվում է լեռան խորքում. դա հնարավորություն է տալիս հիանալ նրանով բոլոր կողմերից։

Անխել ջրվեժն ամենաբարձրն է աշխարհում՝ մոտ 1 հազ. մետր։ Ջրվեժը շրջապատված է Վենեսուելայի արևադարձային անտառներով։ Ջուրը թափվում է Աույանթեփուի սատանայի լեռան վրայից։ Հասնել ջրվեժին հնարավոր է միայն գետի վրայով կամ օդային ճանապարհով։ Անձրևների շրջանում ջրվեժն առավել գեղեցիկ է, սակայն այն կարող է թաքնվել ամպերի ետևում։

Դժվար է գտնել մի մարդու, ով ոչինչ չի լսել Նիագարայի ջրվեժի մասին։ Այս ջրվեժը բավականին հայտնի է զբոսաշրջիկների շրջանում։ Նիագարա գետի վրայով անցնում է ԱՄՆ-ի և Կանադայի սահմանը։ Այս ջրվեժն ամենահզորն է Հյուսիսային Ամերիկայում։ Այն համեմատաբար ցածր է, սակայն շատ լայն։ Եվ պետք է նշել, որ սա մի ջրվեժ չէ, այլ մի ամբողջ համակարգ։ Նիագարայի ջրվեժում լինելու և դրանով հիանալու համար անհրաժեշտ է մեկնել ԱՄՆ Նյու Յորք նահանգ կամ Կանադայի Օնտարիո շրջան։

Ջոնգ ջրվեժն ամենաբարձրն է Հնդկաստանում։ Այն գտնվում է Կարնատակա նահանգում՝ Շարավաթի գետի վրա։ Ջոնգը բաղկացած է 4 ճյուղավորումներից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը։