Որոշ կանայք կուրորեն հետևում են նորաձևությանը' գնելով թեև շատ գեղեցիկ, բայց ոչ պրակտիկ հագուստ: Արդյոք գիտե՞ք, որ ոչ պրակտիկ որոշ զգեստներ ստիպում են ձեզ զոհողությունների գնալ՝ վտանգի տակ դնելով ձեր առողջությունը:

Նեղ ջինսե տաբատներ

Հարկ է նշել, որ սեղմվածության զգացողություն առաջացնող նեղ ջինսերը կարող են անցանկալի ճնշում գործադրել ողնուղեղային նյարդերի վրա:

Կանադայի Բժշկական Ասոցիացիայի ամսագիրը տվյալներ է հրատարակել այն մասին, որ նեղ ջինսե տաբատը կարող է ճնշել նաև ազդրային նյարդը, որը առաջ է բերում ծակոցներ և նյարդացավ:

Սա կանխելու համար նախապատվություն տվեք ''սթրեթչ'' ջինսերին. ընտրեք այնպիսի տաբատներ, որոնք թույլ կտան ձեզ հանգիստ տեղաշարժվել՝ առանց սեղմվածության զգացողության: Բացի այդ, աշխատեք կրել այնպիսի տաբատներ, որոնք կարված են շնչող կտորներից, օրինակ' բամբակից կամ քաթանից: Դա կկանխի այնպիսի խնդիրների զարգացումը, ինչպիսիք են կանթնասնկախտն (կանդիդոզ) ու սնկային վարակները:

Բարձրակրունկ կոշիկներ

Դրանք ձեր ոտքերին ավելի երկար և բարեկազմ տեսք են տալիս, սակայն բարձրակրունկ կոշիկները բացասաբար են ազդում ձեր մարմնի հավասարակշռության ճիշտ բաշխման վրա: Քաշն ամբողջ ոտքով հավասարապես բաշխվելու փոխարեն կենտրոնանում է դիմացի հատվածում, ինչն առաջացնում է վտանգավոր լարվածություն, ինչպես նաև ծնկների, ազդրերի և մեջքի ստորին հատվածի ցավ: Նեղ կոշիկներն, իրենց հերթին, ցավ են առաջացնում բութ մատի ոսկրի շրջանում:

Խորհուրդ է տրվում խուսափել ամեն օր բարձրակրունկ կոշիկներ կրելուց: Սակայն ցածրակրունկ կոշիկներն, իրենց հերթին, նույնպես անվտանգ չեն: Նույնիսկ նվազագույն բարձրության բացակայությունը կարող է հանգեցնել աքիլեսյան ջլի բորբոքմանն ու առաջացնել սրունքի ետնամասի գերլարվածություն, ներբանային ֆասցիիտ: Կրունկի բարձրության կատարյալ չափսն է 2-3 սանտիմետր:

Հսկայական պայուսակներ

Ամեն օր ծանր պայուսակներ կրելը կարող է հանգեցնել ուսահոդի բորբոքմանը, մեջքի մկանների անհավասարակշռությանը, ինչպես նաև կեցվածքի վատթարացմանը: Ծանր պայուսակները մեջքի տարբեր տեսակի ցավերի պատճառ են հանդիսանում: Սրանից խուսափելու համար, աշխատեք ծանր պայուսակներ ուսին չգցել:

Հաստ գոտիներ և կորսետներ

Ձեր որովայնը սեղմող հաստ գոտիներն ու կորսետները թուլացնում են որովայնի մկանները, ինչպես նաև ճնշում են գործադրում ձեր ներքին օրգանների վրա: Սա կարող է հանգեցնել մարսողական համակարգի հետ կապված բազմաթիվ խնդիրների' սկսած այրոցի սրացումից մինչև միզապարկի աշխատանքի վերահսկման խնդիրները: Սրանից խուսափելու համար ամրապնդեք ձեր որովայնի մկանները հատուկ վարժությունների միջոցով, կրեք բարակ, իրանը չսեղմող գոտիներ, իսկ կորսետներ կրեք միայն հատուկ դեպքերում: