Այսօր օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը' դիրիժոր Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ, հանդես կգա սիմֆոնիկ «Էթնո-ջազ» համերգով' շվեյցարական «Authentic Light Orchestra» խմբի երաժիշտների հետ համատեղ:

Խմբի գեղարվեստական ղեկավար Վալերի Տոլստովը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը ծնունդով Հայաստանից է, սակայն արդեն 12 տարի է, ինչ Շվեյցարիայում է ապրում:

«Ես վաղուց էի ցանկանում հայկական երաժշտություն կատարել, սակայն ցանկությունս դժվար էր իրականացնել Շվեյցարիայում, որովհետեւ այնտեղ գրեթե չկան հայ երաժիշտներ, ովքեր կհամաձայնեին համագործակցել: Հետո ծանոթացա մեր խմբի ներկայիս երգչուհի Վերոնիկա Սթալդերի հետ, ում ցույց տվեցի հայկական երաժշտությունը, հայկական ֆոլքլորը: Նա լսեց ու ոգեւորվեց, այդտեղից էլ սկսվեց ամեն ինչ»,- ասաց Տոլստովը:

Ըստ նրա' հենց այդ ժամանակ էլ Վերոնիկան Ամերիկայում ծանոթացել է հայտնի ջազային երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանի հետ եւ 3 շաբաթվա ընթացքում փորձել լրացնել իր իմացությունը հայկական երաժշտության ասպարեզում: Տոլստովը վստահեցնում է' Վերոնիկան այնքան է կատարելագործել իր առոգանությունը, որ խմբի համերգներից հետո հաճախ երգչուհուն հայեր են մոտենում եւ սկսում նրա հետ հայերեն խոսել' կարծելով, թե հայ է:

«Ի դեպ, կուզեի նշել, որ Հայաստանում եմ օպերային թատրոնի նվագախմբի երաժիշտ Շմավոն Գրիգորյանի շնորհիվ, ում հետ ծանոթացել եմ Ցյուրիխում, որտեղ Գրիգորյանը սովորում էր»,- ասաց Տոլստովը:

Շվեյցարական խումբը Հայաստանում ելույթ կունենա առաջին անգամ: Խմբի կատարմամբ կհնչի հայկական էթնո ջազ: Համերգը կկայանա «Նվագախումբ+» նախագծի շրջանակներում: Համերգին կհնչեն նաեւ Կոմիտասի ստեղծագործություններ: