Սեպտեմբերի 10-ը Ինքնասպանության կանխարգելման միջազգային օրն է: Առողջապահության միջազգային կազմակերպության վերջին՝ 2008թ-ի տվյալներով Հայաստանում 100 հազար բնակչից ինքնասպան են եղել 2-ը: Այս տվյալը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց հոգեբույժ Սամվել Թորոսյանը՝ ավելացնելով, որ այս հինգ տարիների ընթացքում ցուցանիշը, ամենայն հավանականությամբ, հասած կլինի մինչև 10-ի:

Ինքնասպանությունները կանխելու համար հոգեբույժ Սամվել Թորոսյանը հորդորեց բոլորին անտարբեր չլինել շրջապատի ու հասարակության նկատմամբ: «Պետք է հոգատար լինել շրջապատի նկատմամբ: Հաճախ մարդիկ տեսնում են մարդու վիճակը, բայց չեն զանգում բժշկի, անուշադրության են մատնում: Հոգսաշատ մարդ տեսնելիս հետը խոսեք, երկու բառ փոխանակեք, ժպտացեք, դա նրան կօգնի»,- ասաց նա:

Անդրադառնալով ինքնասպանության պատճառներին, հոգեբույժը նշեց. «Այսօր առաջին տեղում է սոցիալական վիճակը, այս պատճառով պատահական չէ, որ միջին տարիքի տղամարդկանց մոտ աճել են ինքնասպանության դեպքերը ու հիմնական պատճառն այն է, որ չեն կարողանում ընտանիքը պահել: Իսկ ընդհանրապես կենցաղային խնդիրների պատճառով էլ է շատ լինում, ընտանեկան տարբեր վեճերի և այլն»:

Հոգեթերապևտ Ցոլակ Հակոբյանը նշեց, որ ներկայումս Հայաստանում ստեղծվել են հոգեբանական ծառայություններ, որոնք փորձում են կանխել ինքնասպանությունները, բայց, ըստ նրա, մեր երկրում այս ուղղությամբ պետությունը դեռ շատ անելիքներ ունի:

«Այստեղ բոլորը պետք է մասնակցեն՝ եկեղեցին, հասարակությունը: Պետք է հասկանանք, թե ինչ պատճառներով են մարդիկ ինքնասպան լինում: Սուիցիդի դիմող մարդկանց մեծ մասը հոգեկան շեղումներ ունեցող մարդիկ են, հիմնականում դեպրեսիվ մարդիկ են: Երկրում պայմաններ պետք է ստեղծվեն, որ նման հիվանդությունները քիչ զարգանան ու ժամանակին բուժվեն: Անհրաժեշտ է ստեղծել վստահության հեռախոս: Դրա ստեղծման մի քանի փորձեր եղան, բայց ամիսներ գործելուց հետո փակվեցին»,- ասաց նա:

Ցոլակ Հակոբյանն ընդգծեց, որ անհրաժեշտ է լավ վերջաբանով ֆիլմեր ցուցադրել, ոչ թե սերիալներ, որտեղ մարդիկ անընդհատ դեպրեսիվ վիճակում են ու դրանից դուրս գալու ելքը տեսնում են ինքնասպանության մեջ:

«Ամբողջ աշխարհում կանայք ավելի շատ են ինքնասպանության փորձ կատարում, բայց տղամարդիկ ավելի հաճախ են գործն ավարտին հասցնում: Կանայք ինքնասպանությունը հաճախ իրենց սիրելիին հոգեբանական շանտաժի ենթարկելու ձև են օգտագործում: Օրինակ՝ խմում են մի քանի հաբ ու զանգում ասում՝ խմել եմ հարյուր հաբ ու մեռնում եմ»,- ասաց նա:

Հոգեթերապևտը նաև նշեց, որ ինքնասպանություն գործելիս կանայք հիմնականում նախընտրում են հաբեր խմելը, իսկ տղամարդիկ հրազենով կյանքին վերջ տալը կամ էլ կախվում են:

«Զարմանալի է, բայց կանայք մտահոգվում են, թե ինչպիսի տեսք կունենան մահացած ժամանակ»,-պարզաբանեց նա: