«Նախաճաշ 2-ի համար» ֆիլմն այսօրվանից մեծ էկրաններին կլինի: Երեկոյան կկայանա ֆիլմի առաջնախաղը:
Ֆիլմի նկարահանումները սկսվել են հունիսի 4-ին: Մոտ մեկուկես ամիս տևած նկարահանումները կայացել են Հայաստանում և Ռուսաստանում, որտեղ նկարահանումներ անելը պայմանավորված էին ֆիլմի սյուժեով: Սցենարի հեղինակներից մեկը՝ Արմեն Վարդանյանը, չբացելով փակագծերը, նշեց, որ գլխավոր հերոսն, ըստ սցենարի, պետք է մեկներ Մոսկվա, սակայն ամենակարևորն այն է, որ սերը նրան հետ է բերում:)

Արմեն Վարդանյանի փոխանցմամբ՝ իրենք շեշտը դրել են ոչ գրոտեսկային խաղով, ոչ բաց կատակներով լավ ֆիլմ նկարահանելու վրա:
«Ներկայացված է իրավիճակային հումոր և շեշտը դրված է մարդկային հարաբերությունների վրա: Ֆիլմը դիտելուց հետո կհասկանաք, որ հուզիչ պահեր էլ կան: Որպես ռեժիսոր՝ ես դա առաջնային խնդիր էի դրել իմ առաջ»,- ասաց Կորյուն Մայիլը:

Դերասանուհի Զառա Արամյան ֆիլմի համար ներկել է մազերը, քանի որ անընդհատ գլխով հարվածում է և ստիպված է եղել բացառել կեղծամ դնելու հնարավորությունը: «Առաջին ֆիլմն է, որտեղ ես շատ տգեղ եմ, կանացի չեմ, տղամարդու հիշեցնող շարժուձև ունեմ: Որպես Զառա Արամյան՝ դա ինձ համար բացահայտում էր: Այստեղ բոլորովին այլ կերպ եմ ներկայանում»,- անկեղծացավ դերասանուհին, սակայն դերասան Արթուր Հակոբյանն ուղղեց նրան. «Տգեղ կանայք չեն լինում, Զառա՛, դու շատ գեղեցիկ ես:)»:
Զառա Սակակյանի կարծիքով էլ, ֆիլմը բարի, թեթև, պարզ, սակայն ոչ պարզունակ է. «Քանի որ ես միշտ գրոտեսկային դերեր եմ խաղացել, հիմա հանգիստ եմ այն առումով, որ այս ֆիլմը չի ծերանալու: Այստեղ չկա մոդայիկ հումոր, որը մի քանի տարի անց արդիական չի լինի»:

Ֆիլմում խաղում են Հարություն Մովսիսյանը, Արթուր Հակոբյանը, Զառա Սահակյանը, Զառա Արամյանը, Լուսինե Թովմասյանը, Վարուժան Մանուկյանը, Լուսինե Արշակյանը, Աննա Մարտիրոսյանը, Գրիգորի Հակոբյանը և այլք: Բեմադրող ռեժիսորը Կորյուն Մայիլն է՝ Քեռի Մուլտիկնիկը, տնօրենը՝ Արմեն Բաղդասարյանը:
«Նախաճաշ 2-ի համար» կինոկատակերգությունն էկաններին կլինի մոտ մեկուկես ամիս: «Հաշվի առնելով այսօրվա շուկայում տիրող իրավիճակը՝ մոտ մեկուկես ամիս ենք նախատեսում, սակայն դա միանշանակ ժամկետ չէ»,- esem.am-ին ասաց պոդյուսերներից մեկը՝ Կարեն Հակոբյանը, ով չցանկացավ բացահայտել ֆիլմի բյուջեն:

Կատակերգությունը նախատեսված է 12 տարեկանից բարձր տարիքային խմբի համար: Ըստ ստեղծագործական կազմի՝ սա շատ բարի և անմեղ ֆիլմ է, որը հիմնված է կնոջ անմեղ ստի վրա: «Եթե Ձեր շրջապատում կան կանայք, ովքեր անմեղ ստեր են ասում, առանց մտածելու, թող գան ու անպայման դիտեն ֆիլմը»,- ասաց Արմեն Վարդանյանը, ով հուսով է, որ այսօր՝ ֆիլմի ավարտից հետո հանդիստատեսն առնվազն երկու պատճառ կունենա ուրախանալու. առաջինն այն է, որ ֆիլմը ստացվել է, երկրորդը՝ Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հաղթանակը:)
Առաջարկում ենք ևս մեկ անգամ դիտել ֆիլմի սաունդթրեքը, որի հեղինակն ու կատարողը Արսեն Գրիգորյանն է:

Ներկայացրեց Ամալյա Հովհաննիսյանը