Քանի՞ անգամ է եղել այնպես, որ ներքին ձայնը Ձեզ հուշել է, թե ինչպես վարվել, սակայն հետևելով տրամաբանությանն ու վերլուծելով հանգամանքները՝ Դուք նախընտրել եք այլ ճանապարհ: Վատն է այն, թե լավը՝ այդքան էլ կարևոր չէ, քանի որ բացասական կողմեր կգտնվեն ցանկացած տարբերակում: Իսկ այն փաստը, որ այդ ներքին ձայնն ամեն անգամ դառնում է ավելի ու ավելի ցածր, անհրաժեշտ է մանրակրկտորեն հասկանալ: Ինտուիցիան թուլանում է, եթե այն չօգտագործել ու չզարգացնել: Եկե՛ք միասին հասկանանք՝ այդպե՞ս է դա, թե ոչ:

Ի՞նչ է ինտուիցիան

“Ինտուիցիա” տերմինը ծագում է լատիներեն “intuere”-ից, ինչը նշանակում է “նայել”: Ըստ սահմանման ստացվում է, որ դա մեր ներքին տեսողությունն է, այս կամ այն իրավիճակից ելքը տեսնելու ունակությունը՝ առանց ռեֆլեքսիաներին, այսինքն՝ մտորումներին դիմելու:
Հանճարեղ փայլատակումները, ոչ սովորական որոշումները մարդկանց կողմից հաճախ գնահատվում են որպես ինտուիտիվ: Իսկ որքա՜ն թանկ են հրաշքով փրկվածությունների մասին պատմությունները, երբ տրվելով տարօրինակ զգացողությանը՝ մարդը հրաժարվել է նստել ինքնաթիռ, որը հետագայում վթարի է ենթարկվել: Նման արտառոց, ցնցող դեպքերն ամենևին էլ չեն խոսում այն մասին, որ ինտուիցիան ինչ-որ բացառիկ բան է: Մեր վեցերորդ զգայարանը հավասարազոր է կենդանական բնազդին: Կենդանին զգում է վտանգը դրա հայտնվելուց շատ առաջ՝ դեռ մինչև հոտ կամ շրշյուն զգալը. նմանապես էլ մեր ենթագիտակցությունն է երբեմն մեզ փրկում դժվար պահերին: Այս երևույթն ունի գիտական, լիովին հիմնավորված բացատրություն: Մեր գիտակցությունը վայրկյանում կարող է ընկալել 15 միավոր տեղեկություն, իսկ ենթագիտակցությունը՝ մինչև միլիարդ: Դա նշանակում է, որ մշուշոտ զգացողությունների և պատկերների հենց այս մասում է պարունակվում ավելի շատ գիտելիք: Հենց այստեղ են առկա գրեթե բոլոր հարցերի պատասխանները: Սակայն այս պահուստի մուտքը հասանելի է ոչ ամենքին և ոչ ամեն պահ: Այս առումով ինտուիցիան նման է լ թունելի վերջում երևացող լույսի. մեկի մոտ այն հազվադեպ է առկայծում, մյուսների մոտ փայլում է մշտապես և հավասար, ինչպես փրկող փարոսը: Բայց այս “լամպը” գոյություն ունի բոլորի մեջ, հարցը միայն այն է, թե ինչպես մեծացնել դրա հզորությունը:

Զարգացնում ենք ինտուիցիան

Եթե գիտնականներն ինտուիցիային հակադրում են ռեֆլեքսիան, ապա համապատասխանաբար, առաջին եզրակացությունը՝ ենթագիտակցությունը զարգացնելու համար պետք է սովորել “անջատել տրամաբանությունը”: Մտածողական գործընթացը կանգնեցնելը շատ դժվար է, կյանքն ամեն վայրկյան մեզ խնդիրներ ու հոգսեր է մատուցում, որոնցով մենք ծանրաբեռնում ենք գլուխը՝ ցանկանալով այդ, թե ոչ: Մտորումներից ազատվելու լավագույն միջոցը մեդիտացիան է: Ճիշտ մեդիատացիա անել, իհարկե, պետք է սովորել: Սակայն ուղղակի թուլանալ, լռության, ինքդ քեզ, քո ներաշխարհի հետ միայնության մեջ լինելը հասանելի է ամենքին: “Անջատելով տրամաբանությունը”՝ մարզե՛ք ինտուիցիան: Մի՛ անտեսեք բացասականը, մի՛ փորձեք ինքներդ Ձեզ համոզել, որ տագնապը կամ վախը մտացածին են և չհիմնավորված: Ականջ դրեք սեփական զգացողություններին և հավատացե՛ք դրանց:

Վարժություններ՝ ինտուիցիան զարգացնելու համար

1. Օրագիր վարեք, սակայն գրառեք ոչ թե իրադարձություններն, այլ Ձեզ վեցերորդ զգայարանի փայլատակումները: Սկսեք ցանկացած պահից, թեկուզ ոչ այնքան վառ, հազիվ տարբերակվող, ինչպես մոմի կրակը: Ենթադրենք՝ առավոտյան ցանկություն եք ունեցել ոտքով քայլելու սովորականի պես մեքենայով գնալու փոխարեն: Գրանցեք և՛ այդ ցանկությունը, և՛ Ձեր ընտրությունը: Զարմանալիորեն հետաքրքիր է այնուհետև ստուգել՝ աշխատե՞ց արդյոք ինտուիտիվ ալիքը, թե ոչ: Բացի այդ, նման գրառումները սովորեցնում են ճիշտ ձևակերպում տալ սեփական զգացողություններին, ինչը շատ կարևոր է սեփական երկրորդ “Ես”-ը լսելու համար:

2. Անջատե՛ք ներքին ցենզորին: Մի՛ քննադատեք և մի՛ պիտակավորեք մարդկանց: Հենց այսօր, հիմա, Ձեզ բռնելով “Այ քեզ հիմար” մտքի վրա՝ կանգ առեք և ինքներդ Ձեզ ստիպեք մտածել այլ ուղղությամբ: Նշե՛ք մարդու հագուստի կոնկրետ մանրուքը, որը Ձեզ դուր չի գալիս կամ զայրացնում է: Դիտարկե՛ք այն այլ տեսնակյունից: Իսկ այնուհետև միայն անցեք նրա արարքների քննարկմանը, եթե դրանք ընդհանրապես Ձեզ հետ որևէ կապ ունեն: Մտածե՛ք, թե ինչու եք նրանից վիրավորված կամ զայրացած, գնահատական տվեք Ձեր զգացողություններին, այլ ոչ թե ուրիշի անձին:

3.Շփման մեջ աշխատեք զրուցակցի հետ նույն ալիքի վրա գտնվել: Մտովի սահմանե՛ք նրա հույզերն ու զգացողությունները, որոնք Ձեր կարծիքով նա ունի այդ պահին: Այս վարժությունը կոչվում է “ներթափանցում” և շատ լավ օգնում է ենթագիտակցական զգացողությունները բացահայտելու գործում: Սովորե՛ք լսել ոչ միայն ինքներդ Ձեզ, այլև ուրիշներին:

4. Գոնե մեկ օր (ցանկալի է՝ հանգստյան) ամբողջովին տրվեք մղումներին: Այսինքն՝ առանց մտածելու, առաջին ցանկության մղումով կատարեք թե՛ փոքր քայլեր, թե՛ մեծ գործեր:

5.Ինչպես հայտնի է՝ գլխուղեղի ձախ կիսագունդը պատասխանատու է տրամաբանության և ռացիոնալ մոտեցման համար. ի հակակշիռ դրա՝ պետք է զարգացնել աջ կիսագունդը՝ սեփական հույզերի, տպավորությունների, կանխազգացումների հետ կապն ամրապնդելու համար: Իսկ դրա համար փորձեք ամեն օր գրել կամ նկարել ձախ ձեռքով: Հավատացե՛ք՝ դա շատ հետաքրքիր է:

6.Ինտուիցիան զարգացնելն առաջին հերթին սեփական անձի հետ կոնտակտ հաստատելն է: Ինքներդ Ձեզ հարցեր տվեք' փնտրելով դրանց պատասխանները: Ինքնաճանաչում. ահա թե ինչն է առաջնայինն այս հարցերում: Օրինակ՝ հարցրե՛ք Ձեզ՝ “Ի՞նչ եմ ես սիրում”, “Ի՞նչ եմ ուզում կյանքից”, “Ինչպիսի՞ն է իմ բնավորությունը”, “Ինչպիսի՞ն են ինձ տեսնում մտերիմներս” և այլն:

7.Լուծելու ենթակա խնդիրը ձևակերպելիս՝ մի՛ գործածեք հարցական տարբերակը: Հաստատումը թույլ կտա ավելի հստակորեն լսել ինտուիտիվ պատասխանը: Օրինակ՝ ոչ թե “Պետք չէ՞ արդյոք, որ այս ԲՈւՀ-ն ընդունվեմ” կամ “Համաձայնվե՞մ արդյոք այս առաջարկին”, այլ “Ինձ պետք է ընդունվել այս ԲՈւՀ”, “Արժե համաձայնվել”: Այս հաստատական նախադասություններն արտահայտելիս Ձեր ունեցած զգացողություններն էլ կդառնան ճիշտ ուղու վրա կանգնեցնող հուշումներ: Այո՞, թե ոչ: Ընտրությունը Ձերն է: Ամենակարևորը՝ վստահե՛ք ինքներդ Ձեզ և Ձեր ինտուիցիային: