Եվրոպական ամենավառ, սպասված ու զանգվածային' «Եվրատեսիլի» այս տարվա մրցույթն արդեն անցյալում է: 2008-ի առաջատարների անուններն արդեն հրապարակվել են, և արդյունքում մենք էլ առաջին անգամ հայտնվեցինք լավագույն հնգյակում: Հայաստանին իր չափով հաղթանակ բերած Սիրուշոն իր «Քելե-քելե» բռնկուն երգով գրավեց եվրոպացիների ու այնտեղ բնակվող հայերի սրտերը: Իսկ ովքե՞ր էին մեր Սիրուշոյի մրցակիցները: Պարզիր այն, ինչ նախկինում չգիտեիր:

Դիմա Բիլան' փորձը փորձանք չէ
2006-ին «Եվրատեսիլին» մասնակցած և երկրորդ տեղը զբաղեցրած Դիմա Բիլանը որոշ հանգամանքների բերումով որոշեց այս տարի ևս իր ուժերը փորձել նույն մրցույթումª այս անգամ միանշանակ հաղթելու վճռականությամբ: «Մեզանից յուրաքանչյուրն իր երազանքերն ունի: Եղել են խնդիրներ, տարաձայնություններ ու սկանդալներ թե՛ իմ, թե՛ պրոդյուսերիս' Յանայի հետ: Բայց ես դեպրեսիայի մեջ չընկա ու որոշեցի երկրորդ անգամ ռիսկի դիմել»,- հարցազրույցներում նշում էր Դիման:
Անցած տարվանից շարունակվում է Դիմա Բիլանի, իր պրոդյուսեր Յանա Ռուդկովսկայայի և նախկին պրոդյուսեր Յուրի Այզենշպիսի ժառանգորդների միջև դատական գործը: Վերջիններս պնդում են, որ երգիչն իրավունք չունի օգտագործել «Դիմա Բիլան» բեմական կեղծանունը: Դատական գործն ընթացավ ՙԵվրատեսիլին՚ զուգընթաց: Սակայն Դիման վարանելու, սրտնեղելու ժամանակ չուներ:

Մրցույթի համար նախապես ընտրվել էր իսպաներեն լեզվով Porque Aun Te Amo երգը, որը, ըստ ամերիկացի ծանոթ երաժիշտների և երգչի վերջին ալբոմի համահեղինակ Թիմբըլենդի, լավագույն տարբերակն էր: Սակայն «Եվրատեսիլի» ռուս պատասխանատուն որոշեց փոխել երգը, քանի որ դրա հեղինակ Ռուդի Պերսիին նախապես տեղյակ չէին պահել, որ մրցույթի կանոնների համաձայն երգը պետք է միայն մրցույթի մասնակիցը կատարի, իսկ նա երգն ուրիշին էլ էր տվել: Միայն մրցույթից երկու շաբաթ առաջ Դիման գրեց նոր երաժշտություն, իսկ նրա երաժշտական պրոդյուսեր Ջիմ Բինսը' անգլերեն խոսքերը: Belive me երգը վերագործիքավորել է Թիմբըլենդը, որին էլ բաժին է հասել մրցույթի ռուսաստանյան բյուջեի խոշոր մասը: Այս լուրերը սկսեցին հայտնվել միայն մրցույթում առաջին հորիզոնականը գրավելուց հետո: Պատճառը, հավանաբար, հետևյալն էր' Բիլանը և իր պրոդյուսերը վախենում էին, որ Եվրոպան կմերժի այն երգը, որն ամերիկյան մշակույթի արդյունք է:
Անի Լորակ' Ուկրաինայի ամենահայտնի
երիտասարդ աստղը
Գեղեցկուհի Անի Լորակի իսկական անունը Կարոլինա Կուեկ է: Երգչուհին մինչ «Եվրատեսիլն» էլ բավականին հայտնի էր Եվրոպայում: Նա մենահամերգներ է ունեցել Անգլիայում, Ֆրանսիայում, Հունգարիայում և Գերմանիայում: Ձայնի, ռիթմի ու կրքի խառնուրդ Shady Lady երգը այս տարվա «Եվրատեսիլի» ամենավառ ու հիշարժան կատարումներից էր: Եվրոպան երկար չմտածեց ու սևահեր գեղեցկուհուն շնորհեց 2-րդ տեղը: «Ես տապալման իրավունք չունեի, միայն հաղթելու էի. տապալումը ոչ ոքի չի ներվում»,- մրցույթից առաջ հայտարարեց Անին:

Պարզվում է' Լորակը դեռ 2004-ին պետք է մասնակցեր «Եվրատեսիլին»: Նրանք պատրաստվել էին, տեսահոլովակ նկարահանել, հագուստ կարել, սակայն քաղաքական որոշ խնդիրների պատճառով մրցույթին այլ խումբ մասնակցեց: Այս տարի մրցույթին մասնակցելու խնդրանքով Լորակին դիմել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն: Ներկայացված երգերից Անին հավանեց Ֆիլիպ Կիրկորովի և Կարեն Կավալերյանի Shady Lady երգն ու որոշեց հենց դա էլ կատարել:
Ե՛վ Լորակը, և՛ պրոդյուսեր Կիրկորովը որոշեցին մրցույթին հանդես գալ դասական դարձած փոփի ավանդույթներով ու սոուլ տպավորիչ ձայնով: «Կրկեսն արդեն մարդկանց հոգնեցրել է: Մենք սկզբից էլ գիտեինք, որ պետք չէ ոչ ոքի զարմացնել: Պետք էր միայն երգել ու փայլել»,- ասել է Լորակը:
Կալոմիրա' վառ, տաղանդավոր ու «երես առած» աղջնակ
Այս տարի «Եվրատեսիլում» Հունաստանը ներկայացրած 23-ամյա Կալոմիրան ծնվել է Նյու Յորքում: Ապագա երգչուհու ծնողները Նյու Յորքում հաստատված հույն տարագիրներ են, ովքեր այնտեղ ազգային ռեստորան են բացել:
Հունաստանում Կալոմիրան հայտնի դարձավ միայն մասնակցելով «Փառքի պատմությունը» իրական երաժշտական շոուին: Մրցույթում ժպտերես աղջնակը հաղթանակ տարավ, ստացավ 200.000 եվրո և պայմանագիր կնքեց Heaven Music-ի հետ: 2004-ին իր առաջին ալբոմը թողարկելուց հետո Կալոմիրան ճանաչվեց Հունաստանի լավագույն սկսնակ կատարող: Նա արդեն ունի երեք ձայնասկավառակ, զուգերգեր հույն ամենահայտնի կատարողների հետ: Երգչուհին իր ուժերը փորձել է նաև հեռուստատեսության բնագավառումª վարել առավոտյան շոու և նկարահանվել հեռուստատեսային սերիալներում:

Երգչուհու անունը հունարենից բառացի թարգմանած նշանակում է «բարի ճակատագիր» (իսկական անունը' Մարիա-Կալոմիրա Սարանդի): Հավանաբար հենց այդ բարի ճակատագիրն էլ նրան արժանացրեց ճակատագրական երրորդ մրցանակին: Նշենք, որ նրա Secret Combination երգը այս տարվա ամենասիրվածներից էր, հատկապես' Հայաստանում:
Վառ ու անհատականությամբ փայլող, աղջկական ու փոքր-ինչ «երես առած» կատարումը Եվրոպային շատ դուր եկավ, ինչը նպաստեց եվրոպական երաժշտական առաջատար ստուդիաներից բազում առաջարկներ ստանալուն:
Մարիա' այս տարվա ամենասրտառուչ երգը
Օսլոյում երեք անգամ կիսաեզրափակչին մասնակցելուց և երկրորդ հնարավորությունից հետո միայն նորվեգացիները քվեարկեցին թմբլիկ Մարիայի օգտին: Մարիան Սերբիայում ներկայացավ Hold on, Be Strong երգով ու իր սրտառուչ կատարմամբ գրավեց բազմաթիվ երաժշտասերների սրտերը:

Ծննդավայրում դեռևս 5 տարեկանում բեմ բարձրացած Մարիան ներկայումս Նորվեգիայի ամենահայտնի կատարողներից է: Արդեն 11 տարեկանում Մարիային հրավիրում էին մասնակցելու երաժշտական մեծ շոուների: Նա խաղացել է նաև դասական մյուզիքլում, որտեղ նրան վստահեցին գլխավոր դերերից մեկը:
Մարիան իր առաջին ալբոմը թողարկել է 2005-ին, որը կոչվում է Breathing: Ծննդավայրում երգչուհին ամենաքննարկվողը դարձավ միայն «Փոփ-այդոլ» մրցույթին մասնակցելուց հետո: Այժմ էլ զբաղված է իր նոր ալբոմի ձայնագրություններով, որը ներառելու է նաև Եվրոպայի այս տարվա 5-րդ հիթը: Թեև Մարիան այս տարվա «Եվրատեսիլի» ֆավորիտներից էր և հաղթողի ամենահավանական թեկնածուներից, այնուամենայնիվ, երգչուհին մրցույթում 5-րդն է:

«Ե՞ս Yes!» ամսագիր, արխիվ, հուլիս 2008 թ.