Այսօր մամուլի ասուլիսում Կառավարման ակադեմիայի իրավագիտության ամբիոնի վարիչ, Մանկավարժական համալսարանի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու Արմեն Եզեկյանը և «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը խոսեցին ամուսնալուծության պատճառների աճի մասին:
Արմեն Եզեկյանը նշեց, որ ընդհանուր առմամբ ամուսնալուծությունների պատճառները երկու խմբի են բաժանվում, և լինում են սոցիալ-տնտեսական պայմանների և դավաճանության պատճառներով:

Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ ամուսնալուծությունները հիմնականում լինում են, երբ ընտանիքում չկա սեր, հարգանք, ուշադրություն, ամուսնությունը դառնում է սառը և համատեղ կյանքը կորցնում է իր հմայքը: Նա նշեց, որ Հայաստանում ամուսնալուծությունները լինում են նաև երրորդ մարդու՝ կնոջ կամ ամուսնու ծնողի միջամտության պատճառով: Սոցիոլոգն ասաց, որ մինչև երեք տարի համատեղ կյանքից հետո ամուսնալուծությունների պատճառն այն է, որ զույգերն ամուսնացել են իրար վատ ճանաչելով:

«Մեկ երեխա ունեցող ամուսնական զույգի ապահարզանի ռիսկը հասնում է 90 տոկոսի, 4 երեխայի դեպքում՝ իջնում է 3 տոկոսի»,-ասաց Ահարոն Ադիբեկյանը: Նա նաև նշեց, որ մեր երկրում ծնելիության կրճատումը՝ աճող արտագաղթին զուգահեռ բերում է նրան, որ Հայաստանում 21-րդ դարի վերջին կապրի 1,5 միլիոն մարդ և ոչ բոլորը կլինեն հայ:

Արմեն Եզեկյանի կարծիքով' ամենամեծ խնդիրն այն է, որ երիտասարդներն ամուսնանալիս չեն գիտակցում, թե ինչ է նշանակում ընտանիք կազմել: Խոսելով ամուսնության համար թույլատրելի տարիքի մասին, Արմեն Եզեկյանն ասաց, որ իր կարծիքով' ամուսնության համար թույլատրելի տարիք պետք է համարվի ոչ թե 18-ը, այլ 21-ը: «Պրակտիկան ցույց տալիս, որ վաղ տարիքում ամուսնացողները մի քանի անգամ ավելի հաճախ են ամուսնալուծվում»,-պատճառաբանեց նա:

Ահարոն Ադիբեկյանը հայտնեց, որ այսօր հարսնացուների տարիքը մեծացել են 3-4 տարով, իսկ փեսացունները՝ հինգ տարով: «Այսօր փեսացուների միջին տարիքը 27-29 տարեկանն է, իսկ հարսնացուները՝ 24-25»,-ասաց նա և ավելացրեց, որ թեև ուշ ամուսնության դեպքում ընտանիքն ավելի ամուր է լինում, սակայն այդ դեպքում զույգերն ավելի քիչ երեխաներ են ունենում:

Արմեն Եզեկյանը նշեց, որ երբեմն ամուսինները շատ անհեթեթ պատճառներով են ամուսնալուծվում, օրինակ՝ երբ որևէ ոչ արժեքավոր գույք չեն կարողանում որոշել, թե ում է պատկանում: Ի դեպ նա ասաց, որ ամուսնալուծություն եղել է նաև քաղաքական հայացքների պատճառով: