Shamshyan.com. Լեռնահայաստանի հռչակման տարեդարձի օրը' ապրիլի 27-ին «Տաթևյան պրեմիերա» նախագծի շրջանակներում Տաթևի վանքի տարածքում տեղի է ունեցել «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը:

«Տաթևյան պրեմիերան» միջոցառումների շարք է, որն իրականացվում է «Տաթև» հիմնադրամի և «ՏաԹևեր» ճոպանուղին կառավարող ընկերության կողմից Տաթևի վանական համալիրի շրջակայքում գտնվող 6 գյուղերի (Տաթև, Հալիձոր, Խոտ, Տանձաթափ, Շինուհայր, Սվարանց) բնակիչների համար:

Կազմակերպիչների հաղորդմամբ, «Տաթևյան պրեմիերայի» շրջանակներում վանական համալիրի և «Տաթևի դարպասներ» տուրիստական գոտու շրջակայքում նախատեսվում է ցուցադրել Հայաստանում հայազգի կինոմատոգրաֆիստների գեղարվեստական և վավերագրական ֆիլմերը: Հատուկ ծրագիր է նախատեսված Տաթևի շուրջ գտնվող գյուղերի պատանի բնակիչների համար:

«Պանարմենիան Մեդիա Գրուպի» նկարահանած «Գարեգին Նժդեհ» ֆիլմի ցուցադրությունը «Տաթևյան պրեմիերա» նախագծի շրջանակներում իրականացվող փորձնական կինոդիտումն էր:

1921 թ. ապրիլի 27-ին Տաթևի վանքում տեղի ունեցավ Համազանգեզուրյան երկրորդ համագումարը, որն անկախ Սյունիքը հռչակեց Լեռնահայաստան:

Տաթևում կայացած միջոցառմանը ելույթ ունեցան Հալիձորի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Գարեգին Հովակիմյանը, ֆիլմում Գարեգին Նժդեհի դերակատար Շանթ Հովհաննիսյան, երգի և պարի «Մարաթուկ» ազգագրական համույթը:

«Մեզ համար մեծ պատիվ է ներկայացնել ֆիլմն այստեղ, հենց այս պատմական օրը: Փորձել եմ առավելագույն կերպով տրվել դերիս ու մեծ պատասխանատվությամբ եմ կերտել մեծ հայի կերպարը: Անկեղծ եմ եղել ու զերծ մնացել պայմանականություններից», - ասել է Շանթ Հովհաննիսյանը:

Միջոցառումը ուներ նաև չնախատեսված հյուր' աշխարհահռչակ երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանը:

«Գորիսում վարպետության դաս էի անցկացնում, երբ տեղեկացա, որ Տաթևում միջոցառում է լինելու ու որոշեցի անպայման մասնակցել: Ֆիլմի մասին շատ եմ լսել, բայց այն չեմ դիտել' հիմա պատրաստվում եմ սյունեցիների հետ միասին մասնակցել դիտմանը: Հրաշալի տպավորություններ ստացա ճոպանուղուց' նման զգացում երբևիցե չեմ ունեցել», - ասել է Տիգրան Համասյանը:

Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին հյուրեր Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Շվեյցարիայից, Սերբիայից, Ռուսաստանից: Միջոցառմանը ներկա էին նաև Ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը, «Տաթևի վերածնունդ» նախագծի նախաձեռնողներից մեկը' գործարար Ռուբեն Վարդանյանի կինը' Վերոնիկա Զոնաբենդը:

«Տաթևի վերածնունդ» նախագիծ

«Տաթևի վերածնունդ» նախագիծը մեկնարկել է 2008 թ.-ին: Այն լայնածավալ բարեգործական նախաձեռնություն է, որն իրականացվում է պետական-մասնավոր համագործակցության հիմքի վրա:

Նախագիծն ունի երեք բաղադրիչ.

• Վանական համալիրի վերականգնում, տեղանքի հոգևոր և ակադեմիական ավանդույթների վերածնունդ:
• Աջակցություն տարածաշրջանի, շրջակա 6 գյուղական համայնքերի, գյուղական տուրիզմի զարգացմանը, տեղի բնակիչների ներգրավում տուրիզմի գործում:
• «Տաթևի դարպասներ» տուրիստական գոտու զարգացում և «Տաթևևր» ճոպանուղու շահագործում, որից ստացված ողջ հասույթը ուղղվում է «Տաթև» հիմնադրամին և նախատեսված է վանքի վերածննդի և տեղի համայնքների զարգացմանը:

«Տաթևի դարպասներ»

«Տաթևի դարպասները» մասնավոր տուրիստական գոտի է Սյունիքում, որի շահագործման արդյունքում ստացված ողջ հասույթն ուղղվում է «Տաթև» հիմնադրամին և նախատեսված է վանքի վերածննդի և տեղի համայնքների զարգացմանը: Տուրիստական գոտու տարածքում գործում են անվճար ավտոկայանատեղի և մանկական խաղահրապարակ, գործում է «Տաթևատուն» ռեստորան-սրճարանը, հուշանվերների խանութը և տեղեկատվական կենտրոնը: Վարձակալությամբ տրվում են լեռնային հեծանիվներ: Մասնագետների կողմից մշակվել են նաև Որոտան գետի ձորի երթուղիները, լեռնամագլցման սիրահարների համար նախապատրաստված են հատուկ տարածքներ: «Տաթևի դարպասներ»-ի տարածքում է գտնվում նաև «Տաթևևր» ճոպանուղու «Հալիձոր» կայանը:

«ՏաԹևեր»

«ՏաԹևեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին' «Տաթևի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹևեր»-ը գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղի: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլև ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար:

Նախագիծն իրականացվել է ճոպանուղու նախագծման և կառուցման առաջատար, շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայր» ընկերության կողմից: Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհը կազմում է 11 րոպե, արագությունը՝ 10 մ/վ, խցիկում ուղևորների տարողությունը՝ 25 հոգի, ճոպանուղու ուղևորների թողունակությունը ժամում կազմում է 200 հոգի: Հսկայական կրող հիմքերը բաժանում են ճանապարհը 4 հատվածի, վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը կազմում է 2,7 կմ: