Netflix-ի «Կաղամարի խաղ»/«Squid Game» հիթային սերիալի երկրպագուներն այս աշնանը հատուկ անակնկալ կունենան. նոյեմբերին կկայանա «Կաղամարի խաղ․ մարտահրավեր» ռեալիթի շոուի պրեմիերան:

Netflix-ը հրապարակել է շոուի թրեյլերը՝ ներկայացնելով 2021 թվականի համանուն հիթային սերիալի հիման վրա ստեղծված ռեալիթիի առաջին ամբողջական թողարկումը:

Շոուի նախադիտումից պարզ է դառնում, որ խաղերը, գրեթե, նույնն են, ինչ որ սերիալում:

Netflix-ի տվյալներով՝ 456 խաղացող կպայքարի 4,56 միլիոն դոլար շահելու համար, ինչը Netflix-ի ռեալիթի շոուների պատմության մեջ ամենամեծ դրամական մրցանակն է։ Իհարկե, հեռացված խաղացողներին չի սպասվում նույն մռայլ ճակատագիրը, ինչ որ օրիգինալ շոուի հերոսներին:

«Մասնակիցները մրցում են օրիգինալ սերիալից ոգեշնչված խաղերի շրջանակում, կլինեն նաեւ անսպասելի նոր հավելումներ։ Նրանց ռազմավարությունները, դաշինքներն ու ուժը փորձության կենթարկվեն, մինչ իրենց շուրջ «ոչնչացվում են» մրցակիցները», -ասվում է հաղորդագրության մեջ: