Ինչպիսի՞ դեր է սահմանել հայ հասարակությունը հայ կնոջ համար։ Այստեղ կա դարից դար հաստատված կնոջ կերպար, որին պետք է համապատասխանի հայ կինը։ Չնայած դրան, որ ժամանակը ընթանում է առաջ, և հասարակությունը զարգացում է ապրում տարբեր ոլորտներում, միևնույն ժամանակ կնոջ սահմանված դերը չի ենթարկվում ժամանակի թելադրած փոփոխություններին։ «Հայ կնոջ վրա շատ պատասխանատվություններ կան, կարելի է ասել՝ ամբողջ պատասխանատվությունը կնոջ վրա է։ Մանրամասնեմ՝ կինը պատասխանատու է ընտանիքի, երեխաների դաստիարակության, տան տնտեսության, մաքրության համար»,- galatv. am-ի լրագրողի հետ զրույցում ասում է Գյումրու ծննդատան բժշկուհի Լիլիա Պողոսյանը։ «Եթե ինչ-որ մի տուն մտնեն, և այն հավաքված չլինի, ոչ ոք չի ասի, թե՝ այս ինչ տղամարդ է այստեղ ապրում, այլ կասեն՝ այս տան կինը ինչ թափթփված է։ Ծնողական ժողովներ գրեթե միշտ մայրերն են գնում, իսկ եթե հանկարծ մայրը չգնա ու նրա փոխարեն հայրը գնա, մյուս ծնողները կասեն՝ «էդ ինչ կին ունի, որ իր երեխայի ծնողական ժողովին չի գալիս, ամուսնուն է ուղարկում. խեղճ տղա, էդ ինչ կին ունի»:

«Բայց ինչո՞ւ խեղճ։ Մի՞թե իր երեխայի համար դպրոց գնալը «խեղճ» լինել է։ Ասում են, որ երեխան շատ վատ մայր ունի, բայց ոչ ոք չի ասում՝ ինչ վատ հայր ունի երեխան, որ երբեք չի այցելում դպրոց։ Մի կարծեք, որ մենք բարի հասարակություն ենք։ Մենք շատ խիստ, չար հասարակություն ունենք, որը միշտ պատրաստ է դատապարտել ու քարկոծել կնոջը»,- galatv. am-ի լրագրողին Հայաստանում կնոջ իրավիճակը մեկնաբանում է փաստաբան Թամարա Յայլոյանը։

«Այսինքն, ինչ էլ որ լինում է, ամեն դեպքում մեղավորը կինն է։ Եթե նույնիսկ բաժանվում են, էլի դատապարտում են կնոջը, տարեց կանայք ասում են՝ «էդ ո՞ւմ մարդը չի դավաճանել , կամ՝ էդ ո՞ւմ ընտանիքում չեն եղել դժվարություններ, ձայներս կտրել նստել ենք, երեխեքի խաթեր, տուն չենք քանդել», ու ոչ ոք չի նկատում, որ միգուցե տղամարդու բնավորությունը, արարքներն են տարել դեպի բաժանություն։ Ըստ հասարակության սահմանած չափանիշի՝ հայ կինը պետք է կարողանա դիմանալ, տուն չքանդել, լռել, ամեն ինչ քաշել իր ուսերի վրա»,- շարունակում է բացատրել Թամարա Յայլոյանը։

«Եթե կինը իր ընտանիքը պահելու համար մեկնում է Թուրքիա կամ Ռուսաստան, ուրիշի երեխաներին է պահում, ուրիշի տունը մաքրում, որ գումար ուղարկի, իր երեխաները կարողանան սովորել բուհերում, հագուստ ունենան և այլն, այդ կանանց դատապարտում են. «տեսար, տուն-տեղ թողեց, ընկավ թուրքիաները, ռուսաստանները»: Եթե տղամարդն է մեկնում ու տարիներով չի վերադառնում, մի քանի ամիսը մեկ ուղարկում է մի քանի դոլար, դա նորմալ երևույթ է համարվում, և ոչ ոք չի ասում, որ ամբողջ հոգսը թողել է կնոջ վրա, ո՛չ տանից է խաբար, ո՛չ երեխաներից»,- ասում է Լիլիա Պողոսյանը։

Որպեսզի կինը մեր հասարակությունում համարվի լավ աղջիկ, չքարկոծվի ու չդառնա խոսակցությունների թեմա, նա պետք է մի կողմ դնի իր կարծիքը, ցանկությունները և հարմարությունները և համապատասխանի այն ակնկալիքներին, որ հասարակությունն է սահմանել իր համար։

Եվա Հարութ