«Եվրատեսիլ-2017» միջազգային մրցույթի “Fly with me” հայաստանյան երգը եվրատեսիլյան պաշտոնական յութուբյան ալիքում շուրջ 10 օրվա ընթացքում հատել է մեկ մլն դիտումների շեմը: Արծվիկի թռիչքը շարունակում է նորանոր սահմաններ գրավել եւ առիթ դառնալ բուռն քննարկումների եւ վերլուծությունների ինչպես մեր հայրենակիցների շրջանում, այլեւ միջազգային հանրության: Այս մասին տեղեկացրին Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից:

 

Հիմնական քննարկումների թիրախում Արծվիկի կողմից մեկնարկած եվրատեսիլյան նոր challenge-ն է, որի շրջանակում Արծվիկը կատարում է մասնակից երկրներից որեւէ մեկի ժողովրդական երգը՝ ակնկալելով նրա կողմից հայկական երգերից մեկի կատարումը:

 

Առաջին մարտահրավերն Արծվիկն ուղղել էր Գերմանիայի մասնակից Լեվինային, ով էլ մեծ ոգեւորությամբ ընդունել էր այն եւ կատարել հայկական «Կաքավիկ» ստեղծագործությունը: Challenge-ի շրջանակում Արծվիկը կատարել էր նաեւ հայտնի կիպրական “Το γιασεμίν"” (The Jasmine) երգը, որին ի պատասխան Հովիգը ներկայացրել էր «Երազ իմ երկիր հայրենի»-ն: Երրորդ մարտահրավերի ընթացքում էլ Արծվիկը կատարեց վրացական “Moxevis qalo Tinao” երգը' ի պատասխան լսելով «Լորիկ» ստեղծագործությունը:

 

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի Առաջին ալիքի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում: